«Չեմ պատկերացնում, թե ինչպիսի ֆանտազիա պետք է ունենալ՝ Տրդատ Սարգսյանին անվանել նոր իշխանությունների «Լիսկա»». ՔՊ հանրային կապերի համակարգող
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք՝ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո:
Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին և չի դադարեցրել ծեծկռտուքը:
168.am-ը Տրդատ Սարգսյանին հարցրեց՝ արդյոք նշանակումից առաջ հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Որևէ հարցի հիմա չեմ ուզում պատասխանել, հետո կանդրադառնամ»:
Ի դեպ, երեկ Վայոց ձորի նախկին մարզպետի նոր պաշտոնին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ընդգծելով․ «Նիկոլն ունեցավ սեփական օգտագործման «Լիսկա»»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի նախկին մարզպետն էր: Նա հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ: Փոխգնդապետի հարազատները մինչև հիմա պնդում են, որ Սարգսյանը մասնակից է եղել ծեծին։ Կասկածները չեն փարատվել, ու Տրդատ Սարգսյանը նշանակվում է պատասխանատու կուսակցական աշխատանքի։ Նիկոլն ունեցավ սեփական օգտագործման «Լիսկա»»,- գրել էր քաղաքագետը:
Տրդատ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում քաղաքագետներից մեկի կողմից իրեն «Լիսկայի» հետ համեմատելու անդրադարձին։ Նա նշեց, թե չի տեսել նման նյութ, բայց նկատեց․ «Լավ չեմ վերաբերվում»:
Կապ հաստատեցինք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ՝ ճշտելու նշանակման մանրամասները:
«Որոշումը կայացրել է կուսակցության վարչությունը, կայացվել է քննարկումների արդյունքում»,- տեղեկացրեց Վ. Ալեքսանյանը:
Մեր խնդրանքով անդրադառնալով նաև այս նշանակման մասին Ն. Փաշինյանի դիրքորոշմանը՝ նա նշեց. «Պարոն Ն. Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, և վարչությունը կայացրել է այդպիսի որոշում»:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այս որոշմամբ անտեսել է «միջադեպի» փաստը, որի պատճառով նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել, և հարցադրումին, թե ինչպե՞ս են վերաբերվում նման գնահատականներին՝ կուսակցության խոսնակն արձագանքեց. «Ումի՞ց են հնչում այդ կարծիքները»:
Մեր նկատառմանը, թե ամենատարբեր շրջանակներից և նույնիսկ քաղաքագետներից մեկը Տրդատ Սարգսյանին նոր իշխանությունների «Լիսկա» էր անվանել, նա պատասխանեց.
«Ճիշտն ասած, ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի ֆանտազիա պետք է ունենալ, որպեսզի Տրդատ Սարգսյանին անվանել նոր իշխանությունների «Լիսկա», դրա համար փառահեղ ֆանտազիա է պետք ունենալ, որովհետև այն քրեական գործը, որի մասին դուք խոսում եք, այդ քրեական գործին Տրդատ Սարգսյանն անձնական մասնակցություն չի ունեցել, և դա հաստատվել է նախաքննությամբ: Իսկ երբ որ խոսում ենք այդ համեմատությունների մասին՝ «նոր Լիսկա» և այլն, նման կարծիքներ հայտնողները սովորաբար ֆինանսավորվում են կամ սովորաբար շատ սերտ կապեր ունեն հենց «լիսկայական» կամ «մերձլիսկայական» շրջանակների հետ»: