Եթե մինչև վաղը ժամը 11-ը Վայոց ձորի նախկին մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող տղայիս կբերեմ Կառավարության մոտ․ Արա Մխիթարյանի հայրը՝ Փաշինյանին և Տոնոյանին  

Վայոց ձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Երեխաս, 6 ամիս է՝ կոմայի մեջ է, բայց մինչ օրս ոչ մի բան չի ձեռնարկվել: Քննչական մարմինները պարբերաբար նախկին մարզպետին արանքից հանելու համար տեղյակ են պահում, որ ինքն այնտեղ չի եղել: Ուրեմն ինչքան ուժեղ են, որ կարող են դա հայտարարել: Երկու հոգի կալանավորված էին, բայց այսօրվա դրությամբ մնացած 5 հոգին մարզպետի գլխավորությամբ ազատության մեջ են, փոխանակ բոլորին բերեն, պատասխանատվության ենթարկեն, կալանավորվածներից մեկին գրավի դիմաց ազատում են, քանի որ  մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ, քանի որ բյուջեն լցնելու համար իրենց համար մեկ է, թե ով ինչ է տալիս,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի հայրը ՝ Սամվել Մխիթարյանը՝ հավելելով,- Մինչև հիմա լռել էի, քանի որ պարոն Փաշինյանը «ախպոր պես» խոստացել էր, որ արդար քննություն կլինի: Պարո՛ն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել, որ այս գործը չի կոծկվի: Դե հիմա մտեք իրենց ստատուսները նայեք, թե ինչ են խոսում կառավարության, բանակի մասին: Որ իրենք կարող են մեկ տարվա պետական բյուջեով դատական համակարգ ու կառավարություն վերցնել ու ոչնչի առջև չկանգնել: Նախկին մարզպետի համախոհները կրկնում են, որ բանակի սպաները ոչ թե սպա, այլ զինվորներին բռնաբարողներն են»:

Սամվել Մխիթարյանի փոխանցմամբ՝ քննչական մարմինն իր նամակներին չի պատասխանել:

«Դեպքից երկու ամիս հետո զանգում եմ պարոն քննիչին, ասում եմ, թե՝ գործից ի՞նչ կա: Կանչում է իր մոտ: Առաջին հերթին ի՞նչ ասած լինի, որ լավ լինի: Ասում է՝ գիտեք ինչ, բերեք մարզպետին մի կողմ դնենք: Ասաց, թե տեսախցիկը ցույց է տալիս, որ մարզպետն այնտեղ չի եղել: Հարցնում եմ՝ ինչո՞վ ես ապացուցում, պատասխանում է, թե տեսախցիկն է ասում: Ուրեմն, 4 կենդանի մարդ՝ երեք սպա ու մեկ հարևան, ասում են, որ մարզպետն այդտեղ է եղել, իրենք կոծկում են: Այդ տեսախցիկն էլ ստից է, դրվել է դեպքից 10 րոպե հետո: Քնել-զարթնել, մի «ջութակահար» են գտել, թե իբր ուզում է վկայություն տալ, թե տղաս գլորվել-ընկել է, ու ինքը տեսել է: Եղեգնաձորի շենքերի մուտքերն այնպիսին են, որ եթե մարդը դուրս գա, ուղիղ սահելով՝ կհասնի մուտքի մոտ: Մի ավտոլվացող են գտել, ով որտեղից որտեղ՝ հայտնվել ու երեխիս ջուր է տվել: Սուտ ես խոսում, դու էլ ես զարկել, դու էլ պետք է գաս: Մի մտածեք, որ ձեր փողերով կարող եք բոլորին առնել: Լավ իմացեք, իմ կողքին ժողովուրդն է: ես թքած ունեմ փողերի վրա»,- նշեց Սամվել Մխիթարյանը:

Արա Մխիթարյանի հայրը խոսքն ուղղեց նախկին մարզպետին՝ ասելով. «Ես մենակ կարող եմ բանդայի դեմ դուրս գալ, բայց համակարգի դեմ՝ ոչ: Հիմա նորից քեզ կանչում եմ, վեր կաց և ում հետ կուզես՝ արի, բայց չմոռանաս Ազգային ժողովի նախագահ պարոն Միրզոյանին, ոստիկանապետին, քննչականի պետին ու այդ քննիչին: Արի, տղավարի կանգնի այստեղ, դու սիլլա ես զարկել, ես բոքսով զարկեմ, եթե ընկար, թեթև քերծվածք ունեցար՝ ուղեղիցս քեզ կհանեմ: Թուրքի լամուկ ես, թուրքի կաթ կերած ես, ով ես: Վաղը ժամը 11-ին՝ կորպուսի տղե՛րք, եկեք, ձեր պատիվը պաշտպանեք, որ չասեն՝ համակարգով մեկ բռնաբարող եք:

Երեք նամակ ունեմ, դուք պատկերացրեք, թե ուր կգնա: Գաղտնիքը բացեմ՝ մեկը՝ օվկիանոսից այն կողմ, իսկ մյուս երկուսի մասին կիմանաք վաղը: Ուղիղ չվերթով, որ չկարողանաք փոստից հանել»:

Ասաց, որ վաղը մինչև ժամը 11:00-ը կսպասի ՀՀ վարչապետի ու ՊՆ նախարարի պատասխանին՝ ակնկալելով, որ մարզպետն ու մնացած 5 հոգին կկալանավորվեն. Եղեգնաձորի ոստիկանապետն ու քննչականի պետն էլ կանչվեն պատասխանատվության:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում: Նա մինչ օրս կոմայի մեջ է: ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում և հետևել է միջադեպին՝ չկանխելով այն: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում է Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Տեսանյութեր

Լրահոս