Արտերկրից ժամանած քաղաքացիներին օդանավակայանում այլևս չեն դիմավորում․ սննդի մատուցման ծառայության համար ինչո՞ւ են շարունակում գումար դուրս գրել, երբ մեկուսացվածներ չկան. պարզաբանում
Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո, երբ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց (Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել 16.03.2020-ին), արտերկրից ժամանող քաղաքացիները պարտադիր մեկուսացվում էին: Սակայն արդեն մայիս ամսվա վերջից արտերկրից ժամանող քաղաքացիներին չեն մեկուսացնում, նրանք ինքնամեկուսացվում են իրենց կողմից նշված հասցեներում:
168.am-ը կապ հաստատեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանի հետ և խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ գործընթացից:
«Ենթադրենք՝ մարդը Ռուսաստանից գալիս է, նշում է այն վայրը, որտեղ մեկուսանալու է՝ իր տունն է, հարազատի տունն է, և այդտեղ ինքնամեկուսանում է 14 օր: Նրա մեկուսացումը վերահսկվում է ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից: Ընթացքում, բնականաբար, շարունակական կապի մեջ է պոլիկլինիկայի իր բժշկի հետ, եթե ընթացքում սիմպտոմներ են լինում, բժիշկը կապ է հաստատում նրա հետ: Եթե 14 օրվա ընթացքում ամեն ինչ նորմալ է, ազատ է լինում շարունակելու իր գործունեությունը»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով, սակայն, եղել են ժամանող քաղաքացիներ, որոնք հունիսի վերջին արտերկրից չարտերային թռիչքով ժամանել են Հայաստան, բայց այստեղ համապատասխան աշխատակիցները չեն դիմավորել նրանց: Ստացվում է՝ մարդը կարող է վերադառնալ Հայաստան, լինել վարակակիր, և ոչ մի վերահսկողություն չկա, որպեսզի նա այլ քաղաքացիների չվարակի:
Խնդրի վերաբերյալ 168.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Ըստ Գևորգյանի՝ մոտ 2 շաբաթ է՝ Հայաստան ժամանող քաղաքացիներն իրենց ինքնամեկուսացումն անձամբ են կազմակերպում.
«Եթե նախկինում հատուկ ավտոբուսներով Հայաստան ժամանողներին տանում էին այն վայրերը, որտեղ նրանք պետք է ինքնամեկուսանային, այժմ դա չի կազմակերպվում և թողնվել է քաղաքացիների վրա, պարզապես մինչև Հայաստան գալն օնլայն լրացնում են իրենց տվյալները և, երբ մտնում են Հայաստան, այդ տվյալները մուտքագրվում է համակարգ, որտեղից արդեն իրենց ինքնամեկուսացման տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը մենք ստանում ենք»:
168.am-ը փոխվարչապետ, պարետ Տիրգրան Ավինյանի օգնական Վահան Հունանյանից հետաքրքրվեց նաև, թե ամռանն իրենց հանգիստն արտերկրում անցկացնող քաղաքացիների վերադառնալուց արդյոք նույնկերպ ինքնամեկուսացում լինելո՞ւ է, ինչին Հունանյանը պատասխանեց.
«Նույն սկզբունքն է գործելու, իրենք գալու են և էլի 14 օր ինքնամեկուսանան, ռիսկի հարցն այնքանով է, որքանով այն քաղաքացիների դեպքում, որոնք չարտերային թռիչքներով են վերադառնում: Իսկ թե տվյալ երկիր մեկնելուց ինքնամեկուսացվելո՞ւ են, թե՞ ոչ, պետք է ամեն երկրի համար նայել, թե իրենց ընդունո՞ւմ են, թե՞ ոչ»:
Դիտարկմանը, որ պետական համակարգում աշխատող քաղաքացին, եթե պլանավորել էր հանգստանալ օգոստոսի վերջին շաբաթը, պետք է այնպես հաշվարկի, որ վերադառնա օգոստոսի կեսին, որպեսզի 14 օր ինքնամեկուսացվի և սեպտեմբերից աշխատանքի գնա, Հունանյանը պատասխանեց. «Այո, այդպես է ստացվում, անկախ ամեն ինչից, երբ ինքը վերադարձավ և հատեց Հայաստանի սահմանը, ընդ որում, այդ սկզբունքը գործում է բոլորի համար, թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար, այս պահին գործող կանոնակարգով պետք է 14 օր ինքնամեկուսանա»:
Հունանյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ ձևով են ինքնամեկուսացվածների վերահսկումն իրականացնում՝ մեկուսացման վայրերում հերթապահությո՞ւն է իրականացվում, թե՞ տեղորոշման հավելվածի միջոցով են ստուգում.
«Իրականում երկուսն էլ կա, որովհետև հատուկ ծրագիր կա, եթե մարդիկ ցանկանում են, իրենց հեռախոսներում տեղադրում են, որի միջոցով նրանց ժամանակ առ ժամանակ հաղորդագրություն է գալիս, ինքնալուսանկարվում են և ցույց են տալիս, որ պահպանում են այդ կանոնը՝ ինքնամեկուսացումը: Այն մարդիկ, որ չեն ցանկանում այդ տարբերակով կամ հնարավորություն չունեն, իրենց մոտ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Ընդհանուր տարածքը Հայաստանում բաժանված է 119 հատվածների, ու ամեն տարածքի համար կան ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցների շրջիկ խմբեր: Գնում են, դուռը թակում, բնականաբար, առանց բացելու, և հարցնում, թե այս մարդը տա՞նն է, ամեն ինչ նորմա՞լ է, և այլն»:
Հարցին՝ արդյոք ռիսկային չէ՞ բջջային հավելվածով տեղորոշելը, քանի որ հնարավոր է՝ քաղաքացին ինքնալուսանկարվի և հեռախոսը թողնելով տանը՝ դուրս գա, Հունանյանը պատասխանեց.
«Դա պատահական սկզբունքով է լինում, երբեք չեն իմանա, թե այդ հաղորդագրությունը երբ կգա: Եթե չի արձագանքում, իրեն զանգում են, փորձում են կապ հաստատել, եթե դա էլ չի ստացվում, ապա այդ շրջանը սպասարկող շրջիկ խմբին ծանուցում է գնում, որ այս հասցեում, կոնկրետ այս մարդու հետ չենք կարողանում կապ հաստատել, և նրանք գնում, ստուգում են»:
Եղե՞լ են դեպքեր, երբ մարդիկ նշված կարգը խախտել են, Հունանյանը դրական պատասխան տվեց. «Այո՛, խախտումներ եղել են: Խախտումների դեպքում, եթե վարչական պատասխանատվություն է՝ 100-250 հազար դրամ տույժի են ենթարկվում, եթե այդ խախտումը բերել է իր վատ հետևանքները՝ մարդիկ են վարակվել, ապա մինչև իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել»:
Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է կազմակերպվում ինքնամեկուսացված քաղաքացիների սննդի հարցը. «Ամեն դեպքը, իհարկե, անհատական է, եթե մարդիկ խնդիր ունեն սննդի հետ կապված, տեղեկացնում են պարետատան աշխատակցին, որի հետ կոնտակտի մեջ են լինում, նա էլ ինֆորմացիան փոխանցում է ՏԻՄ-երին, վերջիններն էլ օգնում են այդ հարցը լուծել»:
Այս պահին հյուրանոցներում ինքնամեկուսացված քաղաքացիներ կա՞ն՝ հարցին էլ, նա պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ չկան»:
Ստացվում է, եթե Հայաստան ժամանած քաղաքացիների վերջին խումբը մեկուսացվել է մայիսի վերջին, ապա հունիսի 14-ից հետո պետք է նրանց սննդի կազմակերպման համար գումար դուրս չգրվեր, սակայն Կառավարության պաշտոնական կայքում սննդի մատուցման ծառայության համար վերջին գնումն իրականացվել է հուլիսի 2-ին՝ 10 մլն 550.000 դրամ:
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի հետ. «Թե՛ բուժում իրականացնող մասնագետները, թե՛ բժիշկները, և թե՛ որոշ վարակակիրներ այնուամենայնիվ մեկուսացվում են, և նրանց համար առանձին հատկացվել են հյուրանոցներ և հյուրատներ, դա Առողջապահության նախարարության մեր գործընկերների ցուցումով է, ինչպես նաև ունեցել ենք սննդի մատակարարում թե՛ այդ հյուրանոցների, թե՛ այլ բուժական հաստատությունների համար, որոնք Էկոնոմիկայի նախարարության միջոցներից է: Եթե նախկինում այնտեղ պահում էին կասկած ունեցողներին, հիմա հստակ վարակակիրներ են կամ առողջապահական ոլորտի մասնագետներ»:
Թե քանի մարդ է այս պահին ինքնամեկուսացված այդ տարբերակով՝ հարցին, Օհանյանը պատասխանեց, որ հստակ թիվ չի կարող նշել և դա պետք է ճշտի:
Նարեկ Խաչատրյան