«Միգուցե արտակարգ դրությունը ձեռնտու է լուռ ենթարկվող ԱԺ մեծամասնության միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար». Էլինար Վարդանյան

168.am-ի զրուցակիցն «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն է:

– Օրերս ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հուլիսի 13-ից հերթական անգամ կերկարացվի արտակարգ դրության (ԱԴ) ժամկետը: Իրավաչա՞փ եք համարում արդեն 4-րդ անգամ ԱԴ երկարաձգումը, ի՞նչ խնդիր է սա լուծում իշխանությունների համար: Կարո՞ղ է անվերջ երկարաձգվել արտակարգ դրությունը:

– Խնդիրն արդեն արտակարգ դրության երկարաձգումը չէ, այլ այն, թե ինչ խնդիրներ են դրվելու արտակարգ դրության ժամկետները երկարաձգելիս, և ինչպիսի քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Եթե ամբողջ արտակարգ դրությունը կառուցվելու է բացառապես դիմակներ կրելու հորդորի և դրանց համար տուգանքների քաղաքականության շուրջ, ապա սպասվող արտակարգ դրությունն ունենալու է նույն անարդյունավետությունը, ինչ վերջին երեքն էին։

Շուրջ հինգ ամիս շարունակ ձգվող արտակարգ դրության ընթացքում պարետատան աշխատանքը, որին որքան էլ փորձենք ըմբռնումով մոտենալ, արդյունավետության մակարդակով անհամարժեք է եղել իր առջև ծառացած խնդիրներին և դրանց սրությանը։

Նույնը կարող ենք ասել Առողջապահության նախարարության վերաբերյալ։ Արդյունքում՝ ունենք համավարակի դեմ պայքարի տապալում, վիրուսի շարունակական տարածում, անվերջ հիվանդներ և մահեր։ Արտակարգ դրության ողջ տրամաբանությունը սահմանափակվում է վարչապետի լայվերով և բրիֆինգներով, որի հասցեատերը, ի վերջո, հասկանալի չէ, թե ով է։ Հասարակության գիտակից շերտին այդ կոչերը պետք չեն, որովհետև նրանք առանց լրացուցիչ կոչերի էլ պահում են բոլոր նորմերը։ Իսկ կոչերի հեղինակներն էլ, փաստորեն, չունեն այն հեղինակությունը, որ նվազ գիտակից շերտերը հետևեն այդ կոչերին։ Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞րն է արտակարգ դրության արդյունավետությունը, եթե իշխանությունը չի պատկերացնում կոչերի և իրական լուծումների տարբերությունը։ Միգուցե արտակարգ դրությունը ձեռնտու է լուռ ենթարկվող ԱԺ մեծամասնության միջոցով հրատապ կերպով, առանց պատշաճ հանրային քննարկման ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար։ Այս ընթացքում այդպիսի մի շարք օրենքներ են ընդունվել, որոնց մեծ մասն անբարենպաստ հետևանքներ է առաջացնելու ողջ բնակչության և պետական կարևորագույն ինստիտուտների համար։

Այսպիսին էր արտակարգ դրության ողջ տրամաբանությունը, և, վստահ եմ, որ արտակարգ դրության երկարաձգման պայմաններում շատ բան չի փոխվելու։

ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաև Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանց շահերը կներկայացնի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։ Մամուլում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի ապահովման միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը, կկասեցվի՞ 3 դատավորների պաշտոնանկությունը: Առհասարակ ի՞նչ զարգացումներ եք տեսնում այս գործով:

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով է արձագանքել ՍԴ դատավորների դիմումներին և, ըստ մամուլի տեղեկությունների, արդեն իսկ ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա ՄԻԵԴ-ի կողմից պատշաճ արձագանք է դիումներին, քանի որ Սահմանադրության խախտումներով ՍԴ դատավորներից ազատվելու և նրանց յուրայիններով փոխարինելու գործընթացը չի կարող անհետևանք մնալ։ ՄԻԵԴ-ն արդեն իսկ ունի մի քանի որոշումներ նմանատիպ գործերով, և հետևաբար՝ արդյունքները երկար սպասել չեն տալու։ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի հատկապես Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ իշխանությունները պնդեն, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, կառույցի դերի նսեմացումը չի կարող անհետևանք մնալ: Իսկ Վենետիկի հանձնաժողովը և իր եզրակացության մեջ, և այնուհետև հանձնաժողովի նախագահի նամակով փաստում է, որ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են՝ անտեսելով  հանձնաժողովի դիրքորոշումը։

Այս պարագայում ԵԽԽՎ-ն չի կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` արժեզրկելով այս կառույցի հեղինակությունը բոլոր անդամ երկրների առջև:

Իսկ ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա, եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, դա կնշանակի՝ կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչև բուն գանգատի քննությունը։ Արդյունքում՝ հաշվի առնելով ՄԻԵԴ դատական պրակտիկան, մեծ է հավանականությունը, որ նշված գործով կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը։ Իսկ սա պարզապես պատասխան կլինի կենցաղային պատկերացումներով, մանկապարտեզային լրջությամբ կառավարմանը։

– Վաղը Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կհրապարակի որոշումը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական վարույթի գործով։ Լուրեր են շրջանառվում, որ ԲԴԽ-ն կարող է դադարեցնել դատավոր Ազարյանի լիազորությունները։ Արդյո՞ք դա կլինի օրինական որոշում։

– Այս պահին օրենսդրությունը ԲԴԽ-ին հնարավորություն չի տալիս մինչև մայիսի 2-ը հարուցված որևէ վարույթով որևէ դատավորի լիազորություն դադարեցնել։ Սա ՍԴ որոշման արդյունք է, համաձայն որի՝  հոդվածը, որը հնարավորություն էր տալիս ԲԴԽ-ին անմիջապես դադարեցնել դատավորի լիազորությունները, ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ Այդ հոդվածի հակասահմանադրականությունը տարածվում է մինչև այս տարվա մայիսի 2-ը հարուցված գործերի վրա։ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է մինչ այդ։

Ես չեմ բացառում, որ կարող է լինել քաղաքական պատվեր։ Նոր Հայաստանում Սահմանադրությունը, օրենքները ոտնահարելը կարծես թե օրինաչափ են դարձել։ Բայց պատվեր կատարողները պետք է լավ հասկանան, որ պատվիրատուների հեռանալուց հետո պատասխանատվության ողջ բեռն ընկնելու է իրենց ուսերին։ Եվ եթե հանկարծ մամուլում տարածվող տեղեկությունները քաղաքական պատվերի շրջանակներում իրականություն դառնան, ապա դա կլինի կոպտագույն իրավախախտում, որի պարագայում որևէ վաղեմության ժամկետ չի գործելու։

Տեսանյութեր

Լրահոս