Բաժիններ՝

Հուլիսի վերջին ՀՀ ԶՈՒ-ին կմատակարարվի ԱԿ-103-ի առաջին խմբաքանակը

Այսօր, ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ՀՀ-ում բացվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս. սկզբում կհավաքեն ԱԿ-103 ինքնաձիգներ: «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասը ստեղծվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի հիման վրա: Տարեկան կտրվածքով նախատեսվում է հավաքել 50 հազար միավոր ինքնաձիգ։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալրի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի:

Լրագրողների հետ զրույցում «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի արտադրական գծով տեղակալ Իգոր Գորդիենկոն տեղեկացրեց, որ արդեն հուլիսի վերջին ՀՀ ԶՈՒ-ին կմատակարարվի ԱԿ-103 ինքնաձիգների առաջին խմբաքանակը: Նշենք, որ նախատեսվում է նաև փամփուշտների արտադրություն:

Ավելին, մեր տեղեկություններով՝ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում ևս մեկ արտադրություն հիմնելու գործով. արտադրվելու են գիշերային տեսադիտարկման համակարգեր: Դրանք նախագծվել են ՀՀ-ում, որին մասնակցել են նաև դրսի մասնագետներ, հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները:

168.am-ի հետ զրույցում Իգոր Գորդիենկոն տեղեկացրեց նաև, որ այս տարվա վերջին արդեն պետք է նախապատրաստվի առաջին խմբաքանակը՝ փորձարկման նպատակով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս