Գյուղացուն 10 հազար չեն տալիս, միլիոնով պարգևավճար են ստանում. Մրգաշատի բնակիչները՝ Կառավարության մասին

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում սկսվել է բերքահավաքը, մարդիկ վաղ առավոտյան արթնանում են և սկսում են իրենց աշխատանքները: 168.am-ը շրջել է գյուղում, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, ինչպես նաև լսել նրանց կարծիքը ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերի, ծրագրերի մասին:

«Առավոտյան ժամը 5-ին ենք արթնանում, ովքեր աշխատում են, շուտ են գնում, որ շոգին հետ գան տուն: Հիմա արդեն ծիրանի բերքահավաքն է սկսվել, տղաները գնում են, ծառերի վրայից քաղում են, իսկ աղջիկներն էլ շարում են: Ընդհանուր հետաքրքիր է անցնում, հետո մենք սովորել ենք այս կյանքին»,- ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղի բնակիչներից մեկն էլ մշակութային խնդիրներ նշեց. «Ի՞նչ առօրյա, եթե կինո չկա, թատրոն չկա: Ամեն ընտանիքն իր խնդիրներն ունի, մենք էլ միայն առողջություն ենք ուզում»:

Նրանցից հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսն ի՞նչն է փոխել գյուղում, և, մասնավորապես, ֆինանսական ի՞նչ խնդիրներ են ունեցել. «Հիմա վախենում ես շփումներից, աշխատում ենք մեկուսանալ, որպեսզի չհիվանդանանք: Շատ դժվարություններ ստեղծեց, երեխաների դպրոցի հարցերն է, ուսանողների հարցերն է: Կառավարության ոչ մի ծրագրից չենք օգտվել, մեր աշխատանքով, մեր տանջանքով յոլա ենք գնում, ապրում ենք: Ի՞նչ են արել գյուղացու համար, ո՞վ է եկել մի անգամ հանդիպման գոնե, մի խոսք է ասել, թեկուզ խոսքով, որ օգնեն, հույսեր տան, ոչ մի բան, գյուղացին կտրված իր տանջանքով, իր հողի մեջ ապրում, ստեղծում, աշխատում է»:

Խոսելով իշխանությունների մասին, գյուղացիներից մեկն ասաց․ «2 տարի անցել է, համեմատական կարգով այն ժամանակ մի քիչ ավելի հարմար էր, գնալով խրվեցինք գյուղատնտեսության մեջ, ու պարտքերն ավելի շատացավ: Կառավարությունը խոստացավ 0 տոկոսով վարկեր տա, դիմեցինք, մերժեցին, ինչ է՝ ընտանիքի անդամները վարկ ունեն: Ընտանիքում 4 հասուն անձ կա և 2 երեխա, ու ոչ մի տեսակ օգնություն: Երեխաներին 25.500 դրամ տվեցին, երեխան ուտել ուզում է, մեծը չի՞ ուզում: Քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել, բայց հեռուստացույցով լսում եմ, որ պարգևավճարներ են ստանում, ասենք՝ ի՞նչ են անում, որ միլիոններով աշխատավարձ են ստանում: Գյուղացուն 10 հազար դրամ չեն տալիս, իրենք միլիոններով պարգևավճար են ստանում, դա էլ չի կարելի: Վերջին հաշվով, մարդը մարդ չի՞, բերանը բերան չի՞, սաղ էլ ուզում են ուտել, ո՞վ չի ուզում միս ուտի»:

Գյուղացիներից մեկի խոսքով էլ՝ կարելի է պաշտոնյաների պարգևատրումներն իջեցնել և դրանք ուղղել սոցիալապես անապահով քաղաքացիներին.

«Ամեն ամիս կարիք չկար երևի պարգևավճարներ ստանալ, հավաքեին ծայրահեղ ապրող քաղաքացիներին, տային այդ գումարը, ավելի լավ կլիներ»:

«Եթե ստանում են այդքան բարձր աշխատավարձ, չե՞ն մտածում, թե այդ սեզոնին աշխատանք չունեցողներն ինչո՞վ են ապրում: Մենք ընտրել ենք այս իշխանությանը, հավատացել ենք, հույս ենք ունեցել, որ ամեն ինչ լավ կլինի, փոփոխություններ կլինեն, գյուղացու կյանքում բարելավումներ կլինեն, բայց զգում եմ, որ ոչինչ էլ չկա, գյուղացին էլի մնում է դժվարությունների մեջ, ինքն իր հույսին, թե ինչպե՞ս անի, ո՞նց անի, շատ դժվար է գյուղացու համար»,- ասացին գյուղի բնակիչները:

Գյուղացիներից մեկն էլ, ով 4 մանկահասակ երեխաներ ունի, իսկ ամուսինը՝ հաշմանդամության խնդիր, նշեց, որ Կառավարության կողմից աջակցություն չեն ստացել, համենայնդեպս, չեն դիմել, միայն վերջերս բարերարի կողմից անհատական ձևով աջակցություն է եղել:

Նա ևս նշեց, որ այս իշխանություններին ընտրել է, որպեսզի փոփոխություններ լինեն, սակայն ամեն ինչ նույնն է.

«2 տարի առաջ ընտրեցինք, փոփոխությունը, որ պետք է լիներ՝ չեղավ: Ճիշտ է, նպաստը բարձրացրել են, բայց դա հազիվ միայն երեխաների սնունդին է հերիքում: Երեխան շոր կամ կոշիկ է ուզում՝ չենք հասցնում առնել, հազիվ կոմունալ վճարներն ենք մուծում, անգամ սնունդի մի մասն էլ չենք գնում, գումարը վերջանում է: Բանկերում էլ մուծումներ ունենք, չենք կարողանում վճարել, մնում է ամուսնուս թոշակը՝ 26 հազար դրամ, ստանում ենք, մուծում ենք, չնայած դա էլ չի հերիքում: Հիմա նպաստից նպաստ, թոշակից թոշակ յոլա ենք գնում»:

Գյուղացիներից մեկի խոսքով էլ՝ ինքը հացթուխ է աշխատում, իսկ հարցին, թե իրենց կյանքում փոփոխություններ եղե՞լ են դեպի լավը, պատասխանեց.

«Տարբերություն ես չեմ զգում, ոնց միշտ հաց եմ թխել, հիմա էլ թխում եմ, ոչ մի փոփոխություն էլ չեմ զգում: Ասում են՝ պետք է չաշխատես, մեկ էլ ասում են՝ պետք է լույսի փողը մուծվի, բայց եթե չի աշխատում, որտեղի՞ց պետք է մուծի»:

Գյուղացիները նաև դժգոհեցին Կառավարության որոշումից, որով սպանդանոցային մորթը հուլիսի 1-ից պարտադիր դարձավ.

«Ես պահել եմ անասուն, բայց որ ասել են՝ պետք է սպանդանոցներ տանեն, դա իմ ուժերից վեր է: Նախ պետք է պահես, հետո այդքան ճանապարհը տեղափոխելը փող է, մորթելը փող է, էլ ի՞նչ է մնում գյուղացուն. ոչ մի բան էլ չի մնում, դրա համար այս տարի չեմ պահել»:

Գյուղում եղավ նաև մարդ, որը պաշտպանեց այս իշխանություններին, սակայն, երբ հետաքրքրվեցինք՝ իր կյանքում ի՞նչ էական փոփոխություններ են եղել, պատասխանեց՝ ոչ մի:

«Փաշինյանը շատ լավն է, ոչ մեկն իրավունք չունի Փաշինյանին մի բան ասի, շատ լավն է ինքը, անհասկացողներն են միայն նման բաներ խոսում: Մենք պետք է աշխատենք, որ փոփոխություն լինի, էական ոչ մի փոփոխություն էլ չի եղել, ի՞նչ փոփոխություն պետք է լինի»:

Նարեկ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս