Բաժիններ՝

«ԱԺ-ից մարդիկ կան, որ ուզում են ձեռքերն այդ ծրագրի վրա տաքացնել». Հրաչ Բերբերյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, և սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։

«Ծրագրից կարող են օգտվել միայն Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ն, և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները, պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։ Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը»,- ասված է հաղորդագրությունում:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին՝ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց. «Ծրագիրը՝ իր թերություններով, ունի մի նպատակ՝ հանրապետություն ներկրել բարձր որակի սերմ, ինչը լուրջ ազդեցություն կունենա բերքատվության վրա:

Շատ կասկածում եմ, որ կառավարությունն այդ գումարը կտա, որովհետև շատ անգամ գյուղացուն խոստացել են և խաբել են, բայց այն գաղափարը, որ ՀՀ 1000-2000 տոննա բարձր որակի սերմ կմտնի, դրական է: Մենք ունենք սննդի անվտանգության տեսչություն, որն այդ սերմերի որակը կստուգի: Այսօր մենք նայում ենք գյուղացիների առաջարկները, հիմնականում «բեզոստայա» տեսակն են ուզում, այդ սորտը Հայաստանում արդարացրել է իրեն, սորտափորձարկում անցել է:

Ինչ վերաբերում է բաժանման մեխանիզմին՝ ես շատ լավ գիտեմ, որ ԱԺ-ից մարդիկ կան, որ ուզում են ձեռքերն այդ ծրագրի վրա տաքացնել, էն էլ չի հաջողվում, սկսում են փնովել այդ ծրագիրը»:

Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, նա պատասխանեց. «Իրենք էին միգուցե ուզում ներկրել. Այսօր մենք տվել ենք ֆերմերային միավորումներին, անհատ ֆերմերը կարող է իր համար ներկրել, թող հայտերը լրացնեն…»:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահը հավելեց, որ դիմել են Էկոնոմիկայի նախարարություն, որպեսզի լուրջ վերահսկողություն սահմանվի, ինչպես նաև՝ դիտարկվի հնարավորությունը, որ ֆերմերային միավորումները նույնպես մասնակցեն ծրագրին և իրենց ֆերմերների կարիքների համար ներկրումներ անեն: Հրաչ Բերբերյանի խոսքով՝ այս հարցով դեռ բանակցությունների փուլում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս