ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման  վերաբերյալ վարչական վարույթում առկա  փաստական հանգամանքների  հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Նիստի դռնբաց հատվածում  զեկուցողի կողմից  ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ  «Թիմ» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % փայաբաժինը՝ խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, ինչի հիման վրա սահմանված կարգով վարույթ է հարուցվել։

«Վեոն Արմենիա»-ն իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք։ Ընկերությունների կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ համակենտրոնացումը դրական ազդեղություն կունենա հեռահաղորդակցության ոլորտի վրա՝  նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև գների իջեցման միջոցով:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը ՀՀ հեռահաղորդակցական ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, ուսումնասիրվել են վերջին 5 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները և համակենտրոնացման գործարքները, գնահատվել է շուկայի կենտրոնացվածության աստիճանը, շուկայի հիմնական խաղացողների տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները, մասնաբաժինները,  առաջարկվող ծառայությունների փոխադարձ փոխարինելիության հնարավորությունները, ուսումնասիրվել են խնդրո առարկա ապրանքային շուկաները և այլն։

Համակենտրոնացման մասնակիցների խնդրանքով նիստի հիմնական հատվածն անցկացվել է գաղտնի ռեժիմով՝ հաշվի առնելով, որ քննարկումների ընթացքում ներկայացվելու է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։

Հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս