Կորոնավիրուսի դեմ պայքարում որո՞նք են Կառավարության հիմնական սխալները. Մանրամասնում է վարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե որոնք են Կառավարության հիմնական սխալները կորոնավիրուսի դեմ պայքարում, և արդյո՞ք կլինեն պաշտոնյաներ, որոնք պատասխան կտան այդ սխալների համար, և ե՞րբ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սխալների հետ կապված հարցերն ամենաշոշափելի հարցերն են։
«Հիմա մենք գիտենք՝ ինչու են կորոնավիրուսով վարակվածների թվերն աճում, որովհետև մենք լոք դաունի իրավիճակից հրաժարվել ենք մի պայմաններում, երբ օրական ունեցել ենք 100-ից ավելի վարակվածներ։ Մայիսի 14-ի դրությամբ ունեցել ենք 112 վարակված, իսկ դա նշանակում է, որ լոք դաունի պայմաններում են այդ դեպքերը տեղի ունեցել, որովհետև մենք ունենք ինկուբացիոն շրջան։ Մենք դրան արձագանքել ենք մի պայմաններում, երբ իմացել ենք, որ երկրում ապրիլ ամսվա ընթացքում փակվել է 72.000 աշխատատեղ։ Առողջապահության նախարարությունը, նախարարը միշտ այդ բանը շեշտել է, որ մենք պետք է զրոյացնենք դեպքերը և հետո գնանք բացման։
Առողջապահական տեսանկյունից ճիշտ են ասել, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, ապա այդ ընթացքում մայիսին, հունիսին ևս 70.000 աշխատատեղ կփակվեր։ Եվ այստեղ պետք է լուծվեր տնտեսական, առողջապահական խնդիրների հավասարակշռությունը, մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, ընդ որում, մենք ունիկալ չենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ այսօր առավոտյան դիտել է լրատվությունը, և այժմ Իսրայելում ճիշտ այն իրավիճակն է՝ ինչ Հայաստանում, ավելին, երբ Իսրայելում որոշել են հրաժարվել լոք դաունից, ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունենում են օրական 1000 դեպք։
Հանուն արդարության հարկ է նշել, որ այսօր Իսրայելում գրանցվել է 204 նոր դեպք, մահվան 1 դեպք, մահվան դեպքերն ընդհանուր առմամբ 332-ն են։ Ի դեպ, թեստավորվել է 1,107,070 հոգի։
Այդուահանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ընդգծեց նաև, որ Կառավարության խնդիրն է եղել՝ կարողանալ սպասարկել բոլոր քաղաքացիներին, հետևաբար՝ երբ հարցնում են, թե առաջին լոք դաունն ինչ նպատակով էր, ապա պատասխանը հետևյալն է՝ «կարողացել ենք եռապատկել առողջապահական կարողությունները»։
«Ապրիլի վերջից մեզ համար ակնհայտ էր, որ մենք չենք կարողանալու պահել լոք դաուն ասվածը, ոչ միայն վարչական պատճառով, այլև եղանակը փոխվում է, մարդիկ սկսում են սովորել կորոնավիրուս երևույթին, շենքերի մեջ սկսվում են հարևանների փոխադարձ այցելությունները, և այլն։ Վերջին 1,5 ամսվա մեր վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կորոնավիրուսի տարածման հիմնական տեղը բակերն են, շենքերը։ Ուզում եմ կրկնել՝ նրանք, ովքեր որոշել են ամփոփել կորոնավիրուսի արդյունքները, նրանք առնվազն շատ շտապում են, որովհետև դեռ պարզ չէ։ Իմ արձանագրումն այն է, որ, եթե մենք ելնենք այն իրողությունից, որ մինչև տարվա վերջ պատվաստանյութը չի լինելու, ապա մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրներն ըստ էության շատ մոտ արդյունքներ կունենան կորոնավիրուս հիվանդության, մահացության համատեքստում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։