«Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը հասնում է 650-ի, որից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պարետատան նիստից հետո հայտնեց, որ երեկվա դրությամբ մահճակալային ընդհանուր ֆոնդը հասել է 2600-ի, որից 2300-ը՝ սովորական, իսկ մնացածը՝ վերակենդանացման մահճակալներ են։
«Այս մահճակալների զբաղվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես բարձր է մնում վերակենդանացման բաժանմունքներում։ Տոկոս չեմ ուզում նշել, որովհետև միշտ ասում եմ, որ, եթե հիմա նույնիսկ ունենք մի քանի թվով ազատ մահճակալներ տարբեր վերակենդանացման բաժանմունքներում, ապա դրանց դեպքում պացիենտները կա՛մ շատ արագ դուրս են գրվում, կա՛մ զբաղեցվում են։ Հետևաբար՝ այս առումով որևէ տեղաշարժ չկա։ Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը հասնում է 650-ի, որից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ։ Հարաբերականորեն բարվոք է իրավիճակը տանը սպասող մեր քաղաքացիների մասով, որովհետև մենք փաստացի ժամը 3-ի դրությամբ չունենք որևէ քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այս ծանր, բայց հարաբերականորեն կայուն վիճակը, երբ գրեթե ամեն օր արձանագրվում է վարակվածների նույն թիվը, կրկին հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է։ Նման համաճարակները տարածվում են պայթյունաձև, սակայն Հայաստանում նման իրավիճակ չէ։
«Հետևաբար՝ կարող ենք արձանագրել, որ նույնիսկ դիմակների, մեր կողմից՝ հարաբերականորեն պատշաճ կրումը, մեզ մոտ էլ է ապացուցել, որ արդյունավետ է։ Եթե այսպես չլիներ, ապա մենք օրական ունենալու էինք ոչ թե՝ 5, 6, նույնիսկ 7 հարյուր դեպք, այլ շատ ավելի շատ։ Շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, որոնք պատշաճ կրել են դիմակները, նրանք իրենց այդ վարքագծով կանխել են հարյուրավոր մահեր»,- հավելեց նախարարը։