Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված օրենքները՝ քննադատությունների պատճառ. Մեդիա Պաշտպան

2020 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1058 հոդված, որոնցից 312-ը եղել է բացասական, 133-ը՝ դրական, 613-ը՝ չեզոք։
Նախագահ Արմեն Սարգսյանի մասին նախորդ շաբաթների համեմատ դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ:

Քննադատությունները հիմնականում կապված են ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների հետ, որոնք Արմեն Սարգսյանը ստորագրել է։
Լրագրող Սևակ Հակոբյանն, անդրադառնալով ԱԺ-ում ընդունված և հանրության կողմից լայն քննարկման արժանացած օրենքներին, գրել է.

«Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց իր ստորագրությունը անպիտան բան համարող օրենքը, Արմեն Սարգսյանը չդիմեց ՍԴ, երբ իրքայլական մեծամասնությունը սահմանադրական կարգ տապալեց։ Նաև Արմեն Սարգսյանի մեղքով այսօր սահմանադրական դատարանում իրոք ճգնաժամ կա, ու հիմա, երբ արդեն կարևոր չէ՝ կստորագրի որևէ բանի տակ, թե ոչ, ասում է՝ այ էս վերջին ընդունած օրենքի տակ չեմ ստորագրի»։

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Նախագահը հրաժարվել է ստորագրել այսօր ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, որով վերջնականապես ազատվում էինք ՍԴ դատավորներից: Արձանագրենք, որ Սերժի նախագահ Արմեն Սարգսյանը վերջինը հանեց իր դիմակը»։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ անդրադառնալով թեմային գրել է. «Եթե Արմեն Սարգսյանին թվում է, թե ձեռքերը լվանալով և ջայլամային կեցվածք ընդունելով կարողանալու է քաղաքականապես կույս ձևանալ, ապա սխալվում է։ Հայաստանում տեղի է ունենում մի խումբ մարդկանց կողմից սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման գործընթաց։ Այդ հանցագործության մեջ իր կարևոր դերակատարությունն ունի ՀՀ նախագահի աթոռը Հայաստանի շահերի հաշվին զբաղեցնող Ա. Սարգսյանը»։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն էլ նշում է.«Անմիջապես հետո, պատգամավորների նույն նախանձախնդիր խումբը, որոշեց զրկել ՀՀ Նախագահին սահամանադրության փոփոխությունները ստորագրելու իրավունքից, հընթացս հայտարարելով, որ գործող Նախագահն ինքն է խնդրել ազատել իրեն այդ ծանր բեռից։ ՀՀ գործող Նախագահ Արմեն Սարգսյանը դա փաստացի հաստատեց, մեկ օր անց կեսգիշերին ստորագրելով այդ վիճահարույց օրենքը, և ազատելով իրեն Սահմանադրության փոփոխություններում անաչառ արբիտր լինելու հետագա պարտավորություններից»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս