«Ըստ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի բանավոր հայտարարության՝ իրեն հանձնարարված է, որ ինձ զսպաշապիկ հագցնի, որպեսզի այլևս չխոսեմ Նիկոլ Փաշինյանի մասին». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն զանգահարել ու վիրավորել են, սադրել ու այդ ամենը ձայնագրել են. «Նման գրառումը չի բխում իմ էությունից, բայց սրանց դեմ ճիշտը տեղ չունի: Սկզբում վիրավորում, հետո զանգում, սադրում ու ձայնագրում են…

Հլը պտի պատասխան տա էն մարդը, ով առանց օրինական հիմքի՝ գաղտնալսել և հրապարակել է մեր հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…

Մնացածը՝ հաջորդիվ, շատ թեժ ա լինելու…

Սա է տնտեսական հեղափոխությունը ձախողած Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը…»,- գրել էր պատգամավորը։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին էլ Գևորգ Պետրոսյանը գրել էր, որ չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե ո՞վ է վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, (նկատի է ունեցել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանին),   որ զանգի Ազգային ժողովի պատգամավորին ու հորդորի քաղաքական դիրքորոշումներ չհայտնել:  «Հավես չունեմ հիմա օրենքները վկայակոչել…

Էս երկրում մի մարդ կա, որ, որպես իմ մեծ ախպեր և ի պաշտոնե իրավունք ունի ինձ ասել, որ ես մերթընդմերթ քաղաքական զսպվածություն դրսևորեմ: Էդ միակ մարդը Գագիկ Ծառուկյանն է, երկրորդը չկա:

Իսկ իմ հրապարակումն էլ պայմանավորված է եղել կեղծ էջերից երեխուս հայհոյելուց բխող զայրույթով:

Ինչ արել եմ, լավ եմ արել, արա…»,- գրել էր ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորը։

168.am հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ասաց՝ վստահ է, որ իրեն միշտ էլ գաղտնալսել են, սակայն այս գաղտնալսումը բացարձակ անօրինական է։

«Այդ մարդը,  ով զանգահարել էր ինձ, հոխորտում էր, որ Նիկոլ Փաշինյանի մասին այլևս գրառումներ չանեմ։ Բայց ես քաղաքական գործիչ եմ և Սահմանադրության համաձայն՝ իրավունք ունեմ ազատորեն արտահայտել իմ կարծիքը, և Սահմանադրության համաձայն՝ պատգամավորը չի կարող հետապնդվել իր արտահայտած կարծիքի և քվեարկության համար։ Բայց  ինչ-որ չգիտեմ ով, ըստ  վարչական շրջանի ղեկավարի տեղակալի բանավոր հայտարարության, երբ մենք հանդիպեցինք՝ ասաց, որ իրեն հանձնարարված է, որ ինձ զսպաշապիկ հագցնի, որպեսզի այլևս չխոսեմ Նիկոլ Փաշինյանի մասին։ Ինքս էլ մի քանի րոպեում ցույց տվեցի, թե այս կյանքում նրա առաքելությունն իրականում որն է։ Նա հաջորդ օրը անկեղծացավ, որ ամեն ինչ իրեն պարտադրել են, ինքն էլ ստիպված է եղել նման բան անելու, իբր Ազգային անվտանգությունն է իրեն նման հանձնարարություն տվել։ Ես համարյա վստահ եմ, որ ԱԱԾ-ն նման ապօրինության չէր գնա, որ հանձնարարեր՝ զանգեին ԱԺ պատգամավորին, խոսեին և խոսակցությունը ձայնագրեին»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, ինչ ասել է՝ լավ է արել, որևէ բանի համար չի զղջում, քանի որ  ունի ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք, և Հայաստանում որևէ մեկը, բացի իր քաղաքական ղեկավարից, չի կարող իրեն քաղաքական բնույթի ցուցումներ տալ։

«Ես կտեսնեմ, թե այս ամենն ինչ ընթացք է ստանալու, ըստ այդմ կզբաղվեմ այս հարցով, որովհետև սա հակասում է Քրեական օրենսգրքին։  Նախ՝ պետք է պարզել, թե ո՞վ է այն անձը, որը նման ցուցում է տվել, ի՞նչ իրավունք ունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, որի գործառույթները վերաբերում են միայն  վարչական շրջանում տեղի ունեցող գործողություններին, զանգի ԱԺ պատգամավորին, հանդիպի և արգելի կարծիք հայտնել։ Եթե ինձ գաղտնալսել են, ո՞վ է այն անձը, որ նման բան է արել, եթե  գաղտնալսում չի եղել, պարզապես նրա կողմից եղել է ձայնագրություն, որը հետագայում հանրայնացվի, պետք է տեսնեն, թե վարչական շրջանի ղեկավարը ինչու է խախտել մասնավոր հաղորդագրության գաղտնիության սահմանադրականության սկզբունքը»,- շեշտեց նա։

Գևորգ Պետրոսյանը վստահ է, որ վարչական շրջանի ղեկավարը չէր կարող ինքնաբուխ նման նախաձեռնությամբ հանդես գալ, առավել ևս, որ նա իր հետ բանավոր զրույցում խոստովանել է, որ այդ քայլին ստիպված է գնացել։

«Ես չեմ կարող պնդել, որ այս ամենը վարչապետի կողմից է արվել. հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց հաստատ արվել է մի մարդու կողմից, ով վարչապետի կողքին պտտվում է և վատ չէր զգա իրեն, եթե նրա աչքին մի քիչ բարձրանար՝ նման արջի ծառայություն մատուցելով։ Ամեն դեպքում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը լինելով Ավանի բնակիչ և իմանալով, թե ես ով եմ՝ անկախ պաշտոնից, նա չէր կարող նման հանդգնություն ունենալ սեփական նախաձեռնությամբ զանգել և նման հորդոր իջեցնել։  Նրա կարգավիճակն իմ կարգավիճակից երեք անգամ ցածր է։ Ասեմ, որ նա չար մարդ չէ, բայց կարիքավոր է, եթե կարող են մեկին նման հանձնարարություն տալ, և նա կարող է կատարել, ուրեմն կարիքավոր մարդ է։ Այսօր անհիմն շրջանառվում է, թե իբրև բոլորս ղազագիր ենք ստորագրել, ղազագիրը հենց նրա նմանն է ստորագրողը, որ այսպիսի հանձնարարություն է կատարում։ Ես ղազագիր ստորագրող տղա չեմ, նման բան գոյություն չունի, ես ստորագրել եմ միայն պաշտոնական փաստաթղթերի տակ։ Եվ եթե ինչ-որ մեկին  բան գրել եմ, ապա դա եղել է իմ ընկերը, ում ասել եմ՝ քո ցավը տանեմ»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս