Բաժիններ՝

«Ինչ, հոգևոր արժեքները հանենք՝ գնանք դեպի սեռականացո՞ւմ». Մանուշակ Ստեփանյանը՝ Եկեղեցու պատմություն առարկայի և «Լանզարոտեի կոնվենցիայի» մասին

Մայիսի 11-ին Ազգային ժողովը 79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ այլ կերպ՝ «Լանզարոտեի կոնվենցիան»։

Հիշեցնենք, որ կոնվենցիան խորհրդարանում ներկայացվել էր ընդունվելուց ընդամենը երեք օր առաջ՝ մայիսի 8-ին։

168.am-ի հետ զրույցում Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանը նշեց, որ ՀՀ նախագահին կից ստեղծվել և աշխատում է փորձագիտական հանձնախումբ, որը կրթության նոր չափորոշիչների և կոնվենցիայի հետ կապված՝ գտել է որոշակի խնդիրներ, որոնց մասին ցանկանում են բարձրաձայնել և առաջ քաշել իրենց առաջարկները։

«Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ «Լանզարոտեի կոնվենցիան» այնպիսի գաղտնի կերպով են առաջ բերել ու քննարկել, որ մենք միայն հաստատելուց հետո ենք իմացել, որ նման բան կա։ Այդ ամենը շատ գաղտնի է արվել, և միայն հաստատելուց հետո է հասարակությունն իմացել, որ նման կոնվենցիա է հաստատվել։ Սա է պատճառը, որ այն հաստատվելուց հետո ենք մենք բարձրաձայնում խնդիրները։ Մեր հանձնախմբում կան մանկավարժներ, իրավաբաններ, հոգեբաններ, սեքսոլոգ, ծնողներ։ Մեր նպատակն է՝ փաստերով ցույց տալ, որ այն, ինչ տեղի է ունենում՝ սխալ է, մեր ազգային արժեհամակարգին հակասող։ Այս ամենով մենք հեռանում ենք մեր ազգային մշակույթից, ինքնությունից, ազգային մտածելակերպից»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը։

Ըստ նրա, երբ նայում է կրթության չափորոշիչներին և «Լանզարոտեի կոնվենցիային», այնպիսի տպավորություն է ստանում, որ օտարալեզու ինչ-որ ձեռնարկից վերցրել են այդ ամենը, թարգմանել և բառացի տարածում են Հայաստանում։ Օտարալեզու ինչ-որ ձեռնարկ թարգմանելիս պետք է զգուշություն ցուցաբերեն, քանի որ կրթական ոլորտի չափորոշիչների հարցում գործ ունեն ազգային մեխի հետ։
««Լանզարոտեի կոնվենցիան» ընդունելու իմաստ չկար, ես բացառում եմ, որ այն մտնի դպրոց, մեզ պետք է ունենալ ծնողի և ուսուցչի ինստիտուտ։ Այսինքն, երբ մենք ունենանք լավ կրթական համակարգ, դրա արդյունքում երեխաներն այդ ամենի մասին կիմանան ոչ թե դպրոցում՝ ուսուցիչների միջոցով, այլ տանը՝ ծնողների օգնությամբ։ Հարց՝ ծնողը թույլ կտա՞, որ սեռական կյանքի հետ կապված այս կամ այն հարցը ուսուցիչն իր երեխայի համար պարզաբանի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ փորձագիտական հանձնախումբը մշակել է կրթության չափանիշեր, նաև կոնվենցիայի հետ կապված առաջարկներ։

«Այն, ինչն արդեն ընդունվել է, մենք ոչինչ չենք կարող անել, բնականաբար, չեն էլ հարցնում մեզ, ամեն դեպքում, այդ կոնվենցիան հանրային կարծիքի չի դրվել։ Հետևաբար, մենք փորձում ենք առաջարկել մեր տարբերակները, որով մենք չենք խլի երեխաների մանկությունը, երեխաներին չենք դրդի վաղ սեռական կյանքի։ Հատկապես, որ որևէ մեկը չգիտի, թե այդ ամենը երեխայի վրա ինչ ձևով կարող է անդրադառնալ, սա արդեն բռնություն է երեխաների վրա»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական դպրոցների ծրագրից դուրս բերելուն, Մանուշակ Ստեփանյանն ընդգծեց, որ այդ առարկայի հետ միասին՝ պատկան մարինները բացառում էին նաև Ռազմագիտություն առարկան, այսինքն՝ ստացվում է, որ այս ամենը հանում են ու փոխարենը մտցնում են սեռականության մասին առարկա՞։

«Եկեղեցու պատմությունը պետք է մնա և դասավանդվի հոգևորականի կողմից։ Մենք առանց այդ էլ հեռացել ենք և շատ ենք հեռացել հոգևոր արժեքներից, ինչ, հոգևոր արժեքները հանենք՝ գնանք դեպի սեռականացում։ Պատմության ուսուցչուհին կարող է առարկայի հետ կապված պատմությունը դասավանդել, սակայն Աստծո խոսքը, երեխաներին հոգևոր արժեքներին մոտեցնելու համար, պետք է նրանց դասավանդի հոգևորականը։ Մենք ապրում ենք պատերազմական երկրում և յուրաքանչյուր քաղաքացուց պետք է զինվոր պատրաստենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ փորձագիտական հանձնախումբը «Լանզարոտեի կոնվենցիայի» հետ կապված քննարկում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Եվ հանրապետության նախագահը այս անգամ ևս ասել է, որ գործադիր նախագահ է և իրավասություններ չունի որևէ որոշում կայացնելու, միայն կարող է նախագիծը ստորագրել։

«Կարծում եմ՝ նա էլ շատ կետերի հետ համաձայն չէ, հետևաբար՝ առաջարկեց, որպեսզի մենք արդեն իսկ ընդունված կոնվենցիայի որոշումների մեջ գտնենք այն կետերը, որոնք չեն համապատասխանում մեր արժեհամակարգին, դրանք նկատի ունենալով՝ անենք մեր առաջարկները։ Այդ առաջարկներն արդեն ուղարկել ենք նախագահին, կարծում եմ՝ դրանց դեռ անդրադարձ կունենանք»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս