
Իսպանիան պատրաստում է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան

Իսպանիայի կառավարությունը պատրաստում է 150 միլիարդ եվրո գումարի ներդրումային պլան, որը կֆինանսավորվի Եվրամիության միջոցների հաշվին՝ կորոնվիրուսի համավարկից հետո երկրի տնտեսության վերականգնմանն օգնելու համար: Հուլիսի 3-ին այդ մասին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը:
«Դա կլինի պետական ներդրումային պլան, որը նաեւ կմոբիլիզացնի մասնավոր միջոցներ»,- ճշտել է կառավարության ղեկավարը: «(Դա) ներդրումների եւ բարենորոգումների պլան է, որն արդեն մշակվում է (…) եւ որը մենք կներկայացնենք Բրյուսելին դրա ֆինանսավորման համար,- նշել է Սանչեսը:- Մենք խոսում ենք մոտավորապես 150 միլիարդ եվրո պետական ներդրումների մասն»:
Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ այն կարծիքն է հայտնել, որ ընթացիկ տարում տնտեսական անկումը կկազմի 9,2 տոկոս համավարակի հետեւանքների պատճառով:
Գործազրկության մակարդակը կարող է հասնել 19 տոկոսի: Իսպանայի բանկի (կենտրոնական բանկ) կանխատեսումներով՝ թագավորության տնտեսությունը կկարողանա մինչեւ համավարակի պատճառով ճգնաժամին նախորդող ցուցանիշներ վերականգնվել սոսկ 2022 թվականին:
Վարակի տարածման սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 250 հազար դեպք, 28,3 հազարից ավելի հիվանդ մահացել է: Մարտի կեսերին երկրում սահմանվել է բարձր պատրաստականության ռեժիմ: Այդ միջոցը թույլ է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը: Ռեժիմի գործողությունն ավարտվել է հունիսի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: