Բաժիններ՝

ԱՄՆ-ում աշակերտներն ավտոբուսի վարորդին համոզել են դառնալ իրենց ուսուցիչը

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ֆրամինգհեմ քաղաքի բնակիչ Քլեյթոն Ուորդը աշխատում էր՝  որպես դպրոցական ավտոբուսի վարորդ, ինչպես իր պապն ու հայրը: Սակայն աշակերտները համոզել են նրան ավարտել քոլեջը և դառնալ իրենց ուսուցիչը, գրում է CNN-ը:

Դպրոց ուղևորվելիս Ուորդն աշակերտներին զվարճացրել է պատմական տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ հետաքրքիր փաստերով: Երեխաները բազմիցս խնդրել են նրան փոխել մասնագիտությունը և սկսել դասավանդել դպրոցում:

30-ամյա տղամարդը լսել է աշակերտների հորդորները և ընդունվել է քոլեջ: Նա աշխատել է օրվա ընթացքում, իսկ երեկոյան սովորել է: Ըստ Ուորդի՝ աշխատանքը և ուսումը համատեղելը հեշտ չէր, բայց նա կարողացել է բարձր գնահատականներով ավարտել քոլեջը:

Այժմ ավտոբուսի նախկին վարորդը նախատեսում է սովորել Ֆրամինգհեմի համալսարանում՝ պատմական գիտությունների բակալավրի կոչում ստանալու և դպրոցում դասավանդել սկսելու համար:

Քլեյթոնը նշել է, որ շատ շնորհակալ է աշակերտներին, ովքեր նրան ոգեշնչեցին արմատապես փոխել իր կյանքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս