
«Մենք ստեղծում ենք մի նախադեպ, երբ ցանկացած հաջորդ իշխանություն կունենա հնարավորություն այս կամ մեկ այլ, միգուցե շատ ավելի դյուրին եղանակով փոփոխել ներկայիս ՍԴ կազմը». Գրիգոր Մուրադյան

Սահմամադրությունն այսօր ունի պաշտպանության կարիք, հատկապես եթե հաշվի առնենք արդի զարգացումները: Սահմանադրությունն ինքը, կոչված լինելով, երաշխավորելու քաղաքացիական համերաշխություն, խաղաղություն, ազատություն և արդարություն, այս պահին իսկապես հայտնվել է մի վտանգի մեջ, որը եթե մենք չկարողանանք հաղթահարել, իսկապես մեր դարավոր երազանքը` ունենալ ինքնիշխան, հնարավորինս կայացած սահմանադրական պետություն, կարող է չիրականանալ:
Այս մասին այսօր Գոշավանքում տեղի ունեցող, ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված «Իրավական ուղի »հ/կ կողմից կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:
Այդ տեսանկյունից, ըստ բանախոսի, երբ մենք անդրադառնում ենք արդի զարգացումներին, խոսքը Սահմանադրության անցումային դրույթներում 213-րդ հոդվածի փոփոխության մասին է, որով ըստ էության փորձ է արվում ՍԴ-ն վերջնականապես դարձնել կցորդ և հպատակ ներկայիս գործադիր և իշխանությանը, և սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, որը պետք է մշակի կամ նոր Սահմանադրություն, կամ որոշակի հոդվածների փոփոխության նախագիծ:
Իր Խոսքում Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ 213-րդ հոդվածի փոփոխություններին:
«Մենք փոխել ենք Սահմանադրությունը, երբ դրա կայունությունը պետք է երաշխավորված լիներ, և փոխել ենք սոսկ այն պատճառով, որ իբրև թե ՍԴ գործող կազմը պետք է համապատասխանեցնենք Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված սահմանադրական արդարադատության մոդելին: Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ դա ընդամենը եղել է պատրվակ»,-ասաց ՍԴ նախագահի խորհրդականը` հավելելով, որ սա չի կարող ունենալ հետևանքներ Սահմանադրության հետագա կայունության տեսանկյունից:
Ըստ նրա` փոփոխվել է նաև մի դրույթ, որը որևէ կերպ ենթակա չէր փոփոխության, և խոսքը անցումային դրույթների փոփոխության մասին է, իսկ անցումային դրույթը նույնն է, ինչ անցած պատմության անիվը հետ շրջելը: Իսկ ադպես, օրինակ, ըստ բանախոսի, հնարավոր է դադարեցնել բոլոր դատավորների պաշտոնավարումը, կամ վերականգնել Բարձրագույն դատական խորհրդի իրավանախորդի գործողությունը և վերականգնել արդարադատության խորհուրդը, դադարեցնել ԲԴԽ գործող անդամների լիազորությունը, ՀՀ ներկայիս նախագահին էլ համարել չընտրված:
«Մենք ստեղծում ենք նաև մի նախադեպ, երբ ցանկացած հաջորդ իշխանություն կունենա հնարավորություն այս կամ մեկ այլ, միգուցե շատ ավելի դյուրին եղանակով փոփոխել ներկայիս ՍԴ կազմը: Մենք նաև մեծ վտանգ ենք առաջացնում մեր պետական անվտանգության համար, երբ կազմավորվելիք ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն, չի լինելու օրինական ՍԴ, և նրա բոլոր որոշումները, որ կընդունվեն, կլինեն ոչ լեգիտիմ կամ առնվազնն կասկածելի»,-ասաց Գրիգոր Մուրադյանը` հավելելով, որ երբ ՄԻԵԴ դիմած 3 դատավորները հաղթեն, նաև դրսում կունենանք իրավական լեգիտիմության խմդիր:
Մանրամասները` տեսանյութում: