Սննդագետ Դավիթ Պիպոյանը՝ ամառային առողջ սննդակարգի ու կորոնավիրուսը կանխարգելելու մասին

Ամռանը Հայաստանում երկարատև պահպանվող բարձր ջերմաստիճանը և բավականին ցածր հարաբերական խոնավությունը թելադրում է իր սննդակարգը․ այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը:

«Օրվա ընթացքում քրտինքի հետ կորցնում ենք մեծ քանակությամբ հեղուկ, և այդ հեղուկների հետ՝ նաև հանքային էլեմենտներ, հետևապես՝ մեր սննդակարգը պետք է լինի այնպիսին, որ մեր օրգանիզմն անընդհատ ջրազրկման խնդիր չունենա և հագենա ջրով և հանքանյութերով:

Մենք հունիս ամսից սկսած ունենք թարմ պտուղ-բանջարեղեն, և հիանալի շրջան է մեր սննդակարգը պտուղ-բանջարեղենով լրացնելու համար: Սա շեշտում եմ, որովհետև կարևոր նշանակություն ունի նաև գինը. եթե մենք մշտապես ասում ենք, որ մարդիկ օգտագործեն թարմ պտուղ-բանջարեղեն, ինչպես նաև՝ եփված վիճակում, ոչ միշտ է, որ մարդկանց սոցիալ-տնտեսական պայմանները ներում է ձեռք բերել այդ ամենը, իսկ ամռանը՝ սեզոնային գների նվազման հետ, կարևոր է, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ, անհրաժեշտ քանակությամբ բջջանյութ, թաղանթանյութ»,- ասաց Դ. Պիպոյանը՝ խոսելով ամռան ամիսներին անհրաժեշտ ու առողջարար սննդակարգի մասին:

Ըստ սննդագետի՝ թեև համավարակով պայմանավորված՝ նախորդ տարիների համեմատ՝ պակասել է ամռանն ուշ ժամերին դրսում սնունդ ընդունելու սովորությունը, այդուահանդերձ, ևս մեկ անգամ շեշտեց դրա բացասական կողմերը՝ հենվելով Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից կատարված հետազոտությունների արդյունքների վրա.

«Մեր կողմից նյութ հրապարակվեց, որտեղ շեշտվում էր, որ կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակները հիմնականում պարունակում են բուսայուղ, և այդ բուսայուղերը տրանսճարպաթթուներով են: Պետք է ասեմ, որ միայն պաղպաղակը չէ․ հետազոտել ենք նաև Երևան քաղաքում իրացվող պիցցաները, կարտոֆիլի ֆրիները, չիպսերը:

Մինչդեռ մասնավորապես ձմռան ամիսներից հետո, եթե ունենք նաև կուտակած ավելորդ քաշ, պետք է մրգեր, բանջարեղեն օգտագործել. ամռանը մենք շատ կարիք չունենք «ջերմատու» մթերքների, օրինակ, ալրային հիմքով մթերքներն ամռանը կարելի է կրճատել, հացը սահմանափակել, իսկ քաղցարավենիքները փոխարինել թարմ մրգերով: Կարևոր է, որպեսզի մենք օգտագործենք օրական ընդհուպ 5 չափաբաժին 400-500 գրամ բանջարեղեն և մրգեր»:

Անդրադառնալով տարբեր ըմպելիքների վնասակարությանը՝ Դ. Պիպոյանը նշեց, որ հաճախ չենք նկատում, թե որքան բարձր քանակությամբ թաքնված շաքար ենք օգտագործում.

«Պատկերացրեք, որ, օրինակ, ըմպելիքում կարող է օգտագործվել 12 գրամ շաքար: Շատ հաճախ մենք սնունդ և սննդակարգ ասելով՝ հասկանում ենք միայն հիմնական ուտելիքները՝ հաշվի չառնելով, մասնավորապես՝ ամռանն օգտագործվող կոկտեյլները, գազավորված և չգազավորված ըմպելիքները, պաղպաղակները, որոնք միաժամանակ մեծ քանակությամբ և՛ շաքարի, և՛ տրանսճարպաթթուների աղբյուր են»:

Անդրադառնալով այս շրջանում նաև կորոնավիրուսին դիմակայելու համար օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, իմունային համակարգին, նա նշեց.

«Դիմադրողականության բարձացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի մեր սննդակարգը, և սննդակարգը՝ ոչ թե մեկ կամ երկու օրվա, այլ, բնականաբար, երկարաժամկետ: Բացի նրանից, որ դիմադրողականության համար պետք է բալանսավորված սննդակարգ, այսինքն՝ սննդակարգը պետք է բաղկացած լինի ածխաջրերից, սպիտակուցներից և ճարպերից, անհրաժեշտ են նաև միներալներ ու վիտամիններ: Կարևոր են նաև աղբյուրները, օրինակ, ածխաջուր ասածն էլ է շատ հարաբերական. դուք կարող եք ածխաջուրը ստանալ շաքարով, որը, բնականաբար, և՛ օրգանիզմի, և՛ դիմադրողականության համար չունի որևէ դրական ազդեցություն, և այդ նույն ածխաջրերը կարող եք ստանալ ամբողջահատիկ մթերքներից, հատիկեղենի օգտագործումից, որոնք կարևոր դեր և նշանակություն ունեն»:

Սննդագետ Դավիթ Պիպոյանը ընդգծեց, որ առհասարակ պետք չէ արհեստական շաքարների միջոցով անընդհատ սթրեսի ենթարկել օրգանիզմը, և խորհուրդ տվեց նաև երեխաներին պաշտպանել այդ վնասակար սովորություններից.

«Ես էլ եմ լավ հասկանում, որ շոգ է, բոլորս կարիք ունենք պաղպաղակի, զովացուցիչ ըմպելիքների, բայց, ցավոք սրտի, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կան նաև մարդկանց կողմից չարաշահումների դեպքեր: Մասնավորապես, վերջին տարիներին նկատելի է՝ ինչպես են երեխաներն օրվա ընթացքում 2 տուփ պաղպաղակ օգտագործում, ինչը և՛ շաքարի, և՛ տրանսճարպաթթուների մեծ պարունակություն է. ավելի լավ է՝ երեխաների համար տանը պատրաստել դեսերտներ՝ բնական մրգերով, բնական վիտամիններով: Պետք է մի փոքր ավելի հնարամիտ լինել, որպեսզի հաճելի զգացողությունը և լիարժեք սնուցումը զուգորդվեն»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս