Հարցվածների 57.1 %  է լիովին վստահում ՀՀ վարչապետին, 23.8 %-ը նշել է, որ ՀՀ-ում ներկա պահին կան քաղբանտարկյալներ

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:

«Մենք սովորաբար փորձում ենք հետազոտություններ անցկացնել այն ժամանակահատվածում, որը քիչ թե շատ հանդարտ է, բայց չենք կարող կանխատեսել քաղաքական զարգացումները, և այնպես ստացվեց, որ մեր հարցման աշխատանքները սկսվելուց ի վեր՝ տեղի ունեցան մի շարք ազդեցիկ զարգացումներ, որոնց  արտացոլվել են գուցե տվյալների վրա»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Բանախոսը հավելեց, որ «Կրիր դիմակ՝ փրկիր վարկանիշ»   խորագրով հետազոտություններն անցկացվել են հեռախոսային հարցումներով, հարցումների քանակը 1002-ն է:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը. ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Ըստ հարցվածների՝ ներկա պահին մեր պետության առջև կանգնած երեք խնդիրներից ամենաառաջնայինը նշվել է կորոնավիրուսի համաճարակը՝ 52.5 %–ով , գործազրկությունը՝ 28.6 %-ով, և տնտեսական վիճակը՝ 17.2 %–ով:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ սովորաբար միշտ առաջին տեղում եղել է գործազրկությունը, որն այս անգամ, իրավիճակով պայմանավորված, իր տեղը զիջել է:

«Ի՞նչ եք կարծում, ներկայիս իշխանությունները դեպի ո՛ր երկիր կամ երկրներ է ուղղում ՀՀ ինտեգրման վեկտորները» և «Դուք անձամբ դեպի ո՞ր երկիր կցանկանայից ուղղվեր ինտեգրման վեկտորը» հարցադրումներին ի պատասխան՝ ամենաբարձր  ցուցանիշը եղել է․ «ՀՀ-ն պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցություննեի կենտրոնների հետ» պատասխանը, «դեպի ԵՏՄ և ՌԴ»՝ համապատասխանաբար նշել են 25.1 % և 2.8 %, «դեպի ԵՄ և ԱՄՆ»՝ 17.1 % և 9.2%:

«Որոշ չափով մեզ մոտ այդ ուղղությունները հավասարակշռվել են, որովհետև, եթե նայենք հետազոտությունները, 2011-12թթ․ ինտեգրման վեկտորը դեպի ՌԴ բավականին բարձր էր և ցածր էր ինտեգրման վեկտորը դեպի ԵՄ»,- նկատեց Ա. Նավասարդյանը:

Լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնել էր երկրում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացման մասին, արդյո՞ք նաև դրանք են ազդել Ռուսաստանին առնչվող տվյալների վրա, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հենց այս ցուցանիշ, որ մենք գրանցել ենք՝ ուղղակի կապ ունի վերջին իրադարձությունների հետ»:

Հարցվողները գնահատել էին նաև, թե որքանով էին արդարացել սպասումները  «թավշյա հեղափոխությունից» երկու տարի անց։ Ըստ Փի ՋԻ ՍՊԸ տնօրենի ներկայացրած հետազոտության՝ հարցվածների 16.2 %-ն է հստակ ասել, որ արդարացան, որոշ չափով արդարացան՝ 62.9 %, որոշ չափով չարդարացան՝ 6.2 %-ը, և ընդհանրապես չարդարացան՝ նշել է 11.5 %-ը:

Հարցին՝ որքանով եք վստահում ներքոշարադրյալներին, հարցվածների 3.6 %-ը նշել են, որ լիովին վստահում են արտախորհրդարանական ընդդիմությանը, իսկ 17.2 %-ը՝ ավելի շուտ վստահում է, խորհրդարանական ընդդնիմությանը լիովին վստահում է 4.5 %-ը, ավելի շուտ վստահում՝ 19.3 %-ը, իշխանություններին՝ լիովին վստահում է 22 %-ը, իսկ ավելի շուտ վստահում՝ 41.2 %-ը, և ՀՀ վարչապետին՝ 57.1 % և 30.5 %՝ ավելի շուտ վստահում է:

Արդյո՞ք ՀՀ-ում ներկա պահին կան քաղբանտարկյալներ հարցին ի պատասխան՝ 23.8 տոկոսը նշել է, որ կան քաղբանտարկյալներ, նրանցից 16.4 տոկոսը քաղբանտարկյալների թվում նշել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, 3.4 տոկոսը՝ Մանվել Գրիգորյանի, 2.1 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի, 0.4 տոկոսը՝ Գագիկ Խաչատրյանի, 0.4 տոկոսը՝ «Սասնա ծռերի» անդամների անունները, հրաժարվել են նշել կամ դժվարացել են պատասխանել 78.2 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս