
Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը: Այդ մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Մայիսի սկզբին Գախարիան հայտարարել էր, որ հունիսի 15-ից Վրաստանը կբացվի ներքին զբոսաշրջության ծառայության տրամադրման համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին: «Մենք առայժմ չենք կարող հապճեպ քայլեր անել ցամաքային սահմանները բացելու կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիների կողմից ցամաքային սահմանները հատելը, ինչպես նաեւ այն ամենը, ինչը կապված է բեռների փոխադրման հետ, իրականացվում է բացարձակապես անարգել»,-հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով՝ վրացական կողմը մեծ հարմարավետություն է ստեղծում միջազգային ընկերությունների եւ փոխադրողների համար: Միեւնույն ժամանակ իշխանությունները վերահսկում են յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենա եւ ստուգում վարորդների առողջական վիճակը:
Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջին դադարեցրել էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին՝ փակել ցամաքային սահմանները: Վրաստանը սահմանակցում է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին: Ավելի վաղ ՌԴ-ի հետ կապերի գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի մոտ ժամանակներս:
ԵՄ-ի խորհուրդը հունիսի 30-ին համաձայնեցրել է հանձնարարականը Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, ընդունելով այն երկրների ցուցակը, որոնց համար սահմանները կարող են բացվել հուլիսի 1-ից: Դրա մեջ մտել է, այդ թվում՝ Վրաստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: