Նավալնիի կարծիքի ներառումը Հ1-ի ռեպորտաժում քննարկումների առիթ է դարձել

Նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) լուրերի թողարկման եթերում ցուցադրված «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին և գլխավոր օրը. ընդդիմության և իշխանության տեսակետը» վերտառությամբ ռեպորտաժը մեծ ուշադրության է արժանացել հայկական և որոշ ռուսական շրջանակներում։

Հ1-ի պատրաստած 3 րոպե տևողությամբ ռեպորտաժի սկզբում ցուցադրվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին կոչը նվիրված սահմանադրական փոփոխություններին, ապա ներկայացվում քաղաքացիների կարծիքներ ՌԴ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բավականին ծանրակշիռ կերպով մեջբերվում խախտումների մասին ռուս ընդդիմադիր ուժերի և իրավապաշտպան կազմակերպությունների ահազանգերը, դրանց ՌԴ ԿԸՀ արձագանքները։ Հատկանշականը Հանրայինի ռեպորտաժում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաուղերձի ներառումն էր։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հորինվածք է, որը ծածկում է գլխավորը՝ Պուտինի ժամկետի զրոյացումը։ Փոփոխությունների շրջանակում ամեն ինչի մասին գովազդում են, նույնիսկ՝ կատուների իրավունքների, բայց ոչ՝ Պուտինի ժամկետի զրոյացման։ Եթե ուզում եք ձեր քաղաքացիական քայլով օգտակար բան անել, ոչ թե գնացեք քվեարկության, այլ պատմեք մարդկանց ճշմարտությունը, թե իրականում ինչ է տեղի ունենում»,- Նավալնիի տեսաուղերձի այս հատվածն էր ներառված ռեպորտաժում։

Ինչպես հայտնի է, Ալեքսեյ Նավալնին, թեև վերջին տարիներին Ռուսաստանում ընդդիմության խորհրդանիշներից է դարձել, ոչ միանշանակ է ընդունվում ոչ միայն՝ Ռուսաստանի իշխանական, նույնիսկ՝ ընդդիմադիր շրջանակներում, ինչո՞ւ ոչ՝ նաև Հայաստանում, քանի որ երբեք չի փայլել իր հայամետությամբ։ Հարկ է հիշեցնել Նավալնիի աղմկահարույց անդրադարձներից մեկը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյակին, որում նա Ցեղասպանության համաշխարհային ճանաչման հայաստանյան քաղաքականությունը «տարօրինակ ակտիվություն» է որակում։ Նա նշել էր․ «Է ապրում էին հայերը Թուրքիայում, նրանց սպանում էին», սա այն էր, ինչ նա գիտեր Ցեղասպանության մասին մինչ պատմությանը ծանոթանալը, որից հետո նրա համար պարզ է դարձել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, սակայն, այնուամենայնիվ, նրա որակմամբ՝ նման ակտիվությունը (движ) 100 տարի անց տարօրինակ է թվում։

Նավալնիի տեսաուղերձի ներառումը, ինչպես նաև ընդդիմադիր շեշտադրմամբ նյութը քննարկումների առիթ են դարձել, որոնցից ամենաուշագրավը ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի արձագանքն է, ով նշել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Ալեքսեյ Նավալնիին, որը ատում է հայերին և Հայաստանը։

«Տեսեք՝ ինչ հետաքրքիր է։ Մենք այդքան սիրում ենք Հայաստանը, բարեկամ երկիր է, իսկ տեսեք՝ ում են ցույց տալիս մեր բարեկամ Հայաստանում՝ քվեարկության մասին մեկնաբանություններով։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ սահմանադրական փոփոխությունների մասին ռեպորտաժի շրջանակում ցույց են տալիս նացիստ Նավալնիին, որը հայերին անվանել է Хач-եր, որը ատում է հայերին, ատում է Հայաստանը, արհամարհում է նրան։ Եվ դուք Հայաստանի հանրային հեռուստաընկերություն եք հանում այդ մարդուն և ցույց եք տալիս ձեր եթերո՞ւմ, «ну вы даете»»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը։

Տեսանյութեր

Լրահոս