Մեծ Բրիտանիայում գտել են խոշոր հանցավոր խմբավորման հետքը
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) ոստիկանության եւ միջազգային գործընկերների հետ համատեղ գտել է կազմակերպված հանցավոր խմբավորման հետքը, որի անդամները հաղորդակցվել եւ իրենց գործունեությունը պլանավորել են EncroChat հաղորդագրությունների փոխանակման պաշտպանված ծառայության միջոցով: Այդ մասին ասվում է NCA-ի հայտարարության մեջ:
EncroChat պաշտպանված կապուղին հանցավոր խմբավորման համար դարձել է կապի հիմնական գործիքը: Կոտրելով հարթակը՝ իրավապահ մարմինները հնարավորություն են ստացել օգտվելու մեսենջերի 60 հազար օգտատերերի, ներառյալ Մեծ Բրիտանիայի շուրջ 10 հազար կլիենտների հաղորդագրություններից:
Venetic անվանումն ստացած ընդգրկուն գործողության արդյունքում, որը Եվրոպայի մի քանի երկրներում տարվել է 2016 թվականից, ձերբակալվել է միջազգային հանցավոր խմբավորման 746 մասնակից, առգրավվել է ավելի քան 54 միլիոն ֆունտ ստեռլինգ կանխիկ գումար, 77 միավոր հրաձգային զենք, թմրանյութեր, ինչպես նաեւ 55 թանկարժեք ավտոմեքենաներ եւ 73 թանկարժեք ձեռքի ժամացույցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: