Կորոնավիրուսն այլևս պատճառ չի կարող լինել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստերը հետաձգելու համար
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալներից ոչ ոք դատական նիստին ներկա չէր՝ երկրում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված: Հենց այս հիմքով ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդեցին հետաձգել նիստը:
Սա արդեն 5-րդ դատական նիստն էր, երբ ամբաստանյալների ներկայացուցիչները՝ երկրում COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հետաձգելու միջնորդություն էին ներկայացնում:
Այսօրվա նիստում դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ, թեև սկզբնական շրջանում դատարանի համար ինչ-որ չափով ողջամիտ էր այդ հանգամանքով դատական նիստերի հետաձգումը, այժմ իր համար անընդունելի են՝ ինչպես այդ, այնպես էլ՝ նիստերը փոքր դահլիճում անցկացնելու պատճառաբանությունները։
«Իմ պատկերացմամբ՝ դատական նիստերի դահլիճը դատական գործի քննության այս կազմով, այս մասնակիցների քանակով ի վիճակի է ապահովել որոշակի հեռավորությունը, անձանց սոցիալական հեռավորությունը՝ նիստերն անցկացնելու հետ կապված»,- ասաց դատավոր Վահե Միսակյանը:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ասաց, թե արդարադատության շահի ու մարդու կյանքի իրավունքի ու առողջապահության պաշտպանության միջև ընտրությունը պետք է արվի հօգուտ մարդու կյանքի իրավունքի:
Մեղադրող դատախազ, ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը հայտնեց, թե իր դիրքորոշմամբ՝ դատարանն ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները անվտանգության համապատասխան կանոնների պահպանմամբ դատական նիստերն անցկացնելու համար:
Դատավարության մասնակիցներին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ դատարանի դահլիճի պայմանները հաշվի առնելով՝ դատական նիստերը այլևս կորոնավիրուսային համավարակով պայմանավորված չեն հետաձգվի, համավարակով պայմանավորված մասնակիցների բացակայությունն անթույլատրելի է համարելու և նման պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտելու է՝ որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ:
Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց իր անհամաձայնությունը դատավորի գնահատականների հետ.
«Ես դատարանի այդ հարցի վերաբերյալ գնահատականները չեմ կիսում: Ինչի՞, որովհետև կյանքի պահպանման, առողջության պահպանման իրավունքն ամեն դեպքում առաջնային է: Եթե դուք ուշադիր եղաք, ես իմ խոսքում նշեցի, որ կյանքի պահպանման իրավունքը և առողջության պահպանման իրավունքը գերակա է:
Ես ուզում եմ մի փաստի վրա ձեր ուշադրությունը հրավիրել, որ ձեռնարկված միջոցառումներն այս համավարակի դեմ պայքարում որևէ արդյունավետ արդյունք, ամեն դեպքում, այս պահի դրությամբ չեն տվել: Ու այն հորդորները, որ արվում են, մի անգամ ասում են՝ «սոցիալական հեռավորություն պահեք», մյուս անգամ՝ «դիմակ դրեք», մյուս անգամ՝ «ձեռնոց դրեք կամ ձեռքերը ախտահանեք», հետո կարծիքներ են հնչում, էլի պաշտոնականի մասին է խոսքը, որ «պարզել ենք, որ օդակաթիլային ճանապարհով ավելի շատ են վարակվում, քան, ասենք, մակերևույթների հետ շփման եղանակով»: Այնպես որ, այսօրվա դրությամբ դեռևս պարզ չի, թե այս համավարակը ինչի հետևանքով չեն կարողանում կասեցնել, ընդհակառակը՝ ավելանում է:
Այս պայմաններում մարդկանց կյանքը և առողջությունը դնե՞լ ռիսկի տակ՝ իմ համար առնվազն ընդունելի չի»,- ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը:
Քրեական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին: