«Ասֆալտների վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ». Փաշինյան
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Կառավարության 2018 թվականին ընդունված որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության առաջարկը։
«Այս որոշումը գյուղատնտեսության ոլորտում Կառավարության աջակցության լիզինգի ծրագրերից մեկին է վերաբերում, որով կարող են ֆինանսավորվել նաև մոդուլային և շարժական սպանդանոցները։ Այս ժամանակահատվածում Սննդի տեսչական մարմնի հետ շարունակական մոնիտորինգ ենք իրականացրել, թե որքանով են հասանելի հանրապետությունում առկա սպանդանոցները։ Ծառայությունների հասանելիությունը մեզ համար մշտապես եղել է ամենակարևոր գործոնը, ելնելով այս հանգամանքից՝ մենք քարտեզագրում ենք, թե որտեղ պետք է տեղակայվեն սպանդանոցները, որպեսզի համայնքից լինի հեռու, մենք որպես նման չափորոշիչ՝ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նա նաև ընդգծեց, որ հանրապետությունում կլինեն բնակավայրեր, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվելու սպանդանոցներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ սպանդանոցներին այլընտրանք ուղղակի չկա և չի կարող լինել, առավել ևս՝ այսօրվա համաճարակային վիճակի պայմաններում։
«Բոլոր կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում համաճարակները լինելու են մարտահրավերներ, և մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի և առհասարակ սննդամթերի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- ընդգծեց վարչապետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում