«Պատվաստանյութ ձեռք բերելու համար բանակցում եմ Նուբար Աֆեյանին փոխկապակցված ընկերության հետ». Թորոսյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված՝ ի՞նչ նորություններ կան, և Հայաստանն ի՞նչ է անում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։
Արսեն Թորոսյանը փոխանցեց, որ աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք։
«Դրանցից մոտ 20-ն ավելի հավանական են, որ կդառնան։ Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում շատ քիչ անձանց վրա, հետո՝ մոտ 100, այնուհետև՝ տասնյակ-հազարների վրա։ Այս ամենը ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ պատվաստանյութեր լինելու են և լինելու են մի քանիսը։ Սա շատ կարևոր է մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, որովհետև այս վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ չլինելով այն այդքան վտանգավոր։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով, առաջինը դա ուղիղ արտադրողներն են, ինքս անձամբ եմ այդ բանակցությունները վարում։ Օրինակ՝ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է, այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից է»,- նշեց Առողջապահության նախարարը։
Նա նաև ընդգծեց, որ կարող են լինել երկրներ, որոնք արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն ուշ հասնի, օրինակ, հասանելի լինի այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Հետևաբար՝ կարևոր է, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար բանակցությունները տարվեն այսօրվանից։
«Տարբեր գնահատականներով պատվաստանյութը երկրներին հասանելի կլինի կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին, այս տեղեկատվության վերջնական պատասխանը պարզ կլինի աշնան սկզբին։ Բայց, որ այդ ամենը լինելու է և փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ արդեն ուրախալի է»,- եզրափակեց նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում