«Կրե՛ք բացառապես գործարանային արտադրության դիմակներ». ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դիմակները կրելու  փուլերը, ըստ նրա, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում կար դիմակների դեֆիցիտ, որոնց արժեքը 200 դրամից ավելի էր, այդ ժամանակ խնդիր էր դրված՝ այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե հնարավոր լիներ առողջապահական հիմնարկների համար ձեռք բերել դիմակներ։

«Երկրորդ փուլն այն էր, որ շուկայում կար դիմակ, դրանց արժեքը բարձր էր, և մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր։ Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը, ասացինք՝ շատ լավ, ովքեր հնարավորություններ ունեն, կարող են օգտագործել գործարանային արտադրության դիմակներ, իսկ ովքեր հնարավորություններ չունեն,  կարող են օգտագործել տան պայմաներում կարված դիմակներ։ Հիմա մենք ունենք դիմակների գնանկում և պրոֆիցիտ և կարող ենք անցնել երրորդ փուլին և մեր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակներ»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Ըստ նրա՝ տեսնելով, թե ինչ ծավալի դիմակներ է սպառվում, արդեն հասկանալի է դառնում, որ բնակչության մեծ մասը գործարանային արտադրության դիմակներ չի կրում։

Վարչապետը նաև ընդգծեց, որ բազմիցս են ասել, որ գործարանային արտադրության դիմակներն ունեն կանխարգելիչ բնույթ։
«Երեկ այսպիսի երևույթ նկատեցի, երբ մեքենայով գնում էի, տեսա՝ մայթերին կանգնած քաղաքացիները դիմակը ծնոտի տակից բարձրացնում էին դեմքին, նրանք այդպես էին անում՝ տեսնելով պետական պահպանության ծառայության մեքենաները»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս