«Ադրբեջանի ներքին լսարանի վրա ազդելու տարբեր միջոցներ կան, որոնք տարբեր փուլերում արդյունավետ իրականացվել են». Տիգրան Աբրահամյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ամփոփելով հունիսի 29-30-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձնաբար և համատեղ անցկացված տեսակոնֆերանսային հանդիպումները, հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում հանրային-առողջապահական վիճակը և Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության պրոցեսի ընթացիկ դրությունն ու հետագա քայլերը։

168.am-ն այս հանդիպումների և ՄԽ համանախագահների հայտարարության շեշտադրումների շուրջ զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ:

– ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփիչ հայտարարության մեջ դրական են համարել այն, որ կողմերը շարունակում են օգտագործել ուղիղ կապի միջոցները, որպեսզի խուսափեն սրացումից։ Ձեզ համար պա՞րզ է՝ այդ ուղիղ կապ ասվածն ինչ է ենթադրում, ի՞նչ մակարդակ, որի մասին Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպումից հետո ժամանակ առ ժամանակ լսում ենք:

– Ուղիղ կապի մասին վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով խոսվել է: Դա չի ենթադրում առաջին դեմքերի կամ նույնիսկ պաշտպանական գերատեսչությունների առաջին դեմքերի միջև ուղիղ կապի ապահովում, խոսքը շատ ավելի ցածր օղակների կապի մասին է, որի «աշխատելու» մասին տարբեր պաշտոնյաներ ուղիղ կամ անուղղակի ձևով մինչև այս պահը հայտարարել են: Ես չեմ կարող ասել, թե այդ կապը որքան արդյունավետ է և ինչ նշանակություն ունի հրադադարի ռեժիմի պահպանման կամ ընդհանրապես հարաբերական խաղաղության ապահովման գործում, սակայն միջնորդները փաստեցին, որ այդ կապն առ այս պահը գործում է: Եթե կողմերը դրանից չեն հրաժարվել, ապա դա արդեն իսկ վատ չէ:

– Համանախագահները նաև կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Ի՞նչ ասել է՝ հավելյալ միջոց, ի՞նչ պիտի անի, օրինակ, Հայաստանը:

– Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների՝ գրեթե ամենօրյա ռեժիմով պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները չեն կարող նպաստել ոչ միայն հրադադարի ռեժիմի պահպանմանը, այլև հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն:

Եթե միջնորդներն իրականում փորձում են հասնել հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն, ապա այդ ուղղությամբ Ադրբեջանում մեծ աշխատանք ունեն անելու: Դա մեկ ամսվա, տարվա աշխատանք չի, սակայն այն, ինչ տեսնում ենք Ադրբեջանում, լավատեսություն չի ներշնչում, որովհետև պաշտոնական քարոզչամեքենան ադրբեջանական հասարակությանն ավելի շատ նոր մարտական գործողությունների է նախապատրաստում:

Ինչ մնում է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին, ապա որպես կարևոր գործիք՝ արդեն մի քանի տարի է՝  առաջարկվել է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարն ու մոնիտորինգ անող փորձագետների թվի ընդլայնումը: Եթե սկզբնական շրջանում այս առաջարկներն Ադրբեջանը փորձում էր շրջանցել դիվանագիտական մոտեցումներով, ապա վերջին շրջանում ուղիղ մերժում է:

Արցախն ու Հայաստանն այս առաջարկներին դրական են արձագանքել, սակայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով այն այդպես էլ կյանքի չի կոչվում:

–  Քանի որ անդրադարձաք հետաքննության մեխանիզմներին, հետաքրքիր է՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մեջ որքանո՞վ է շահագրգիռ կամ բավարար շահագրգիռ հենց ՄԽ խումբն այսօրվա դրությամբ, եթե կարելի է այդպես ասել:

– Վիեննայում սկիզբ առած, ապա Սանկտ Պետերբուրգում վերահաստատված առաջարկները միջնորդների կողմից են ներկայացվել, որի առանցքային դրույթը 1994 թվականին հաստատված հրադադարի պայմանագրի կետերի անվերապահ կատարումն է: Այդ առաջարկի այլ դրույթներով սահմանվում էր հետաքննության մեխանիզմի ներդրման և առաջնագծում մոնիտորինգ իրականացնող խմբի ընդլայնման հարցը:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջնորդ երկրների նվազագույն խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալն է և կարգավորումը խաղաղ բանակցությունների հունով տանելը, ապա ենթադրում է, որ Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցը միջնորդ երկրների համար առանցքային նշանակություն ունի: Սակայն, կրկնում եմ՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի համաձայնում այս առաջարկների կյանքի կոչմանը:

– Առհասարակ որքանո՞վ են համահունչ տիրող իրավիճակին համանախագահների՝ երևացող և աներևույթ շեշտադրումները հայտարարություններում:

– Ադրբեջանը վերջին շրջանում էականորեն կոշտացրել է իր հայտարարությունները, ուղիղ խոսում է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրության մասին: Ստեղծված լարվածությունը նվազեցնելու, առհասարակ, Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը փոխելու ուղղությամբ միջնորդները պետք է այդ երկրի հետ ակտիվ աշխատանք տանեն: Ճիշտ է՝ համատեղ հայտարարությունում նշվում է, որ «վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը», սակայն որքան էլ մեզ համար հասկանալի լինի, որ սա Ադրբեջանին է ուղղված, այնուամենայնիվ, այս հորդորը հասցեական չէ, ինչն էականորեն թուլացնում է կողմերին ուղղված ձևակերպումների արդյունավետությունը:

– Այսօրվա համաճարակային ճգնաժամի պայմաններում հայկական կողմն ի՞նչ հետևություններ պիտի անի ԼՂ հակամարտության համատեքստում: Ինչպե՞ս պետք է օգտագործել ժամանակը, կամ արդյո՞ք ճիշտ ենք օգագործում:

– Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակն ամբողջ աշխարհում կտրուկ փոփոխությունների են ենթարկում: Չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով, որպեսզի գոնե այս փուլում պետությունները զերծ մնան ագրեսիայից և ուժերը համախմբեն համավարակի դեմ պայքարում, աշխարհի մի շարք թեժ կետերում բախումները ոչ միայն չդադարեցին, այլ նոր ուժով են բռնկվել:

Այս իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է գիտակցել, որ ցանկացած պարագայում  համավարակի ակտիվությունը նույնիսկ չի կարող զերծ պահել Ադրբեջանին ագրեսիայի գնալուց, ավելին՝ տարբեր վերլուծություններ ցույց են տալիս, որ այս վիճակը նույնիսկ կարող է խթանող գործոն լինել սահմանին ակտիվանալու տեսանկյունից:

Չի բացառվում, որ հենց այս հանգամանքն են հաշվի առնում միջնորդները, երբ համատեղ հայտարարությունում կոչ են անում կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

– Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ «եթե տեսնեմ, որ Ադրբեջանի իշխող վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ պարզ ու անկեղծ»:

– Ինձ համար պարզ չի, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետը, բայց Ադրբեջանի ներքին լսարանի վրա ազդելու տարբեր միջոցներ կան, որոնք վերջին 2 տասնամյակում, տարբեր փուլերում արդյունավետ իրականացվել են:

Տեսանյութեր

Լրահոս