«ՍԴ-ի վերաբերյալ սա արդեն 5-րդ նախաձեռնությունն է, արդյո՞ք սա լինելու է վերջինը». Թագուհի Թովմասյանը՝ Սուրեն Գրիգորյանին

«2019 թվականից մինչև հիմա, փաստորեն, սա 5-րդ նախաձեռնությունն է, որով փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել. արդյո՞ք սա կարող ենք համարել վերջին նախաձեռնությունը, և այս մեկով հնարավոր կլինի վերջնականապես խնդրի կարգավորմանը հասնել, թե՞ առաջիկայում հնարավոր են էլի փոփոխություններ»,- ԱԺ արտահերթ նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարց ուղղեց նույն խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Վահագն Հովակիմյանը և Սուրեն Գրիգորյանը:

Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Սուրեն Գրիգորյանն իր պատասխանում չհամաձայնեց Թագուհի Թովմասյանի այն պնդման հետ, թե սա 5-րդ քայլն է, իր խոսքով՝ ՍԴ-ում առկա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված.

«Ես կարծում եմ, որ ըստ էության, սա ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված 3-րդ գործողությունն է. առաջին գործողությունը եղել է վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներմուծումը, երկրորդը՝ հանրաքվեի է դրվել հարցը, և մեզ հասկանալի պատճառներով…, անգամ կարելի է ասել՝ երկրորդն է, եթե պատկերացնենք, որ սա հանրաքվեին փոխարինող նախագիծն է:

Ինչ վերաբերում ՍԴ ճգնաժամի լուծմանը՝ ես իմ անձնական կարծիքն ասեմ. Ես կարծում եմ, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության ապահովման համար և ընդհանուր ՍԴ մեծ փոփոխությունների համատեքստում կարող է լինել կրկին անդրադարձ ՍԴ-ին»:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց՝ ասելով, որ իր հնգյակում ներառել էր նաև Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը:

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը նշեց. «Ես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ պարոն Թովմասյանի լիազորությունների դադարեցմանն ուղղված էական կարգապահական խախտման հիմքով դիմումի ներկայացումը չի կարող դիտարկվել որպես քայլ՝ ուղղված ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի լուծմանը: Ընթացիկ գործերից մեկով մենք տեսել ենք խնդիր, որ դատավորը պետք է բարձրաձայներ իր շահերի հետ բախման հետ կապված հարց, չի բարձրաձայնել, ուստի մեր կարծիքով՝ էական կարգապահական խախտման հիմք էր:

Նման իրավիճակներ, Աստված տա, էլ չլինեն, բայց կարող են լինել ընթացիկ, անգամ ամենալեգիտիմ Սահմանադրական դատարանի դեպքում:

Թ. Թովմասյանի հաջորդ հարցին, թե այս պահի դրությամբ ՍԴ դատավորներ կան, որոնք գնացել են արձակուրդ, դա որքանո՞վ է իրավաբանորեն խոչընդոտում գործընթացի լիարժեք իրականացմանը, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «ՍԴ-ի մասին օրենքով ամրագրվում է թե՛ վճարվող, թե՛ չվճարվող արձակուրդի կարգավորումներ, որոնցից ՍԴ-ի դատավորներն իրավունք ունեն օգտվել, և դա որևիցե կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը»:

Տեսանյութեր

Լրահոս