«Հիմա նույն վիճակն է, արագիլները ոտքից գլուխ կեղտոտված են, ճենճի հոտ է գալիս․ սա լուրջ բան է»․ Մամիկոն Ղասաբյանը՝ աղտոտված արագիլների մասին
Ֆեյսբուքյան օգտատեր Վասիլ Անանյանն աղտոտված արագիլների լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Երասխահուն։ Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»:
Քաղաքացիների պնդմամբ՝ մի քանի կեղտոտված արագիլներ կան նաև Արմաշ գյուղում, իսկ Հովտաշենում ավելի շատ են։ Մասիսից դեպի Արտաշատ գնացող մայրուղու երկու կողմերում էլ կան կեղտոտված արագիլներ։
Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանի խոսքով՝ կրկնվում է անցած տարվա պատմությունը, հարցը լուրջ է, պետք է բացահայտել պատճառը, տեսնել, թե որտե՛ղ են կեղտոտվում։
«Անցած տարի Արտաշատից այն կողմ աղտոտված արագիլներ չկային, հիմա, փաստորեն Արմաշում ևս կան, շատացել են։ Էլի եմ ասում՝ ջրից չէ, կերից է։ Մեծ արագիլները գնում, ուտում են, յուղային մասը քսվում է իրենց, գալիս բներին նստում են ու ձագերին են քսում։ Սա մեկ օրվա բան չէ, ամեն օր գնում-գալիս են, յուղային շերտը հաստանում է, մտնում փետուրի մեջ։ Հաստատ ճարպ է՝ կամ ձկնաբուծարաններից, կամ պահածոյի գործարաններից է։ Պատկերացնո՞ւմ եք, անցած տարի մոտ 150 արագիլ կար կեղտոտված, թե քանիսը սատկեցին՝ չեմ կարող ասել․ նույնն այս տարի է կրկնվում։ Հիմա նույն վիճակն է, ոտքից գլուխ կեղտոտված են, սա լուրջ բան է, ուսումնասիրել է պետք։ Արագիլներից ճենճի հոտ է գալիս, որը չի անցնում։ Ձկնաբուծարանները պարկերով աղբ են բերում-թափում Մասիսի աղբանոց։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ում 3 արագիլի տարանք․ մեր ու մյուսների լողացրած արագիլները տարբերվում էին։ Հեղուկով, տաք ջրով էլ շատ դժվար էին լվացվում․ գրեթե մեկ ժամ ու կես ջրի մեջ պահում էինք, որ մի քիչ գոնե փափկի։ Պետք է ճիշտ լողացնել, որ փետուրջ չջարդվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ղասաբյանը:
Այն կարծիքները, թե հնարավոր է՝ խնդիրը ՀՀ սահմաններից դուրս է, Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարը չբացառեց՝ նշելով․ «Կարող է պատահի՝ Հայաստանում չէ, Թուրքիայում է։ 10 կմ-ն արագիլի համար ի՞նչ է։ Սա ուսումնասիրել է պետք։ Ընդհանրապես գնում Արաքսում սնվում, հետ են գալիս, դաշտերում էլ։ Արարատի, Արմավիրի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններն առաջին հերթին պետք է զբաղվի դրանով»։
Խոսելով այն մասին, որ Քննչական կոմիտեն մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը, որը հարուցվել էր 2019 թ. սեպտեմբերի 12-ին, Մամիկոն Ղասաբյանն ասաց, որ քննչականը մենակ չէր կարող ուսումնասիրել, տեսչական մարմինների հետ պետք է ամեն ինչ արվեր։
«Ցավոք, աղտոտված արագիլների թիվը գնալով կշատանա։ Պետք է խումբ ստեղծվի, տեսնեն, թե որտեղ են գնում, թե չէ՝ կկորցնենք մեր արագիլներին։ ՀՀ-ում 600-800 զույգ արագիլ կա՝ բնադրվող»,- հավելեց նա։