Բացահայտվել է եղինջի «կծելու» գաղտնիքը
Դանիացի գիտնականները բացատրել են, թե ինչպես կարող են ամենաբարակ օրգանական տարրերը կտրել, անցնել նյութը և չկոտրվել: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Physics ամսագրում:
Մասնագետներին անհանգստացրել է այն, թե ինչպես են եղինջի փշերը կամ մոծակների կնճիթները անցնում մաշկի միջով՝ պահպանելով իրենց ամբողջականությունը և առաջացնելով այրվածք կամ ցավ: Հետազոտողները եզրակացրել են, որ ուժեղ, բայց ծայրաստիճան բարակ և սուր տարրերի գաղտնիքը հաստության և կենդանի օրգանիզմին ամրանալու միջև կատարյալ հավասարակշռության մեջ է: Բնության մեջ մոծակի կնճիթից, եղինջի փշից բացի՝ ջրիմուռների, ծովային ոզնիների և այլ կենդանիների սուր օրգանները բնութագրվել են որպես բնության մեջ նմանատիպ դեպքերի օրինակ:
Կենսաբաններն անցկացրել են ավելի քան 200 փորձ: Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրվել են տարբեր հաստությունների և կառուցվածքների օրգանական տարրեր:
Պարզվել է, որ փշերի կամ սուր կնճիթների առավելագույն ամրությունն ու ներթափանցելու ունակությունը պայմանավորված է հատուկ կառուցվածքով: «Կա հստակ փոխկապակցվածություն ասեղի երկարության և դրա տրամագծի միջև, ինչպես նաև կենդանի արարածի օրգանիզմին դրա ամրացման առանձնահատկության»,- բացատրել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Քաարե Հարթվիգ Յենսենը: Ավելին, եթե այդ հավասարակշռությունը պահպանվի, ապա փշի կամ ասեղի չափը կարևոր չէ:
Փորձագետները, ըստ shantnews-ի՝ եզրակացրել են, որ փորձերի ընթացքում ստացված գիտելիքները կարող են օգնել կատարյալ սուր առարկաներ ստեղծելու գործում: Մասնավորապես, գիտնականները կանխատեսել են առավելագույն արդյունավետությամբ ներարկիչների համար ասեղների հայտնվելը, որի օգնությամբ հնարավոր կլինի արագ և անցավ կերպով դեղամիջոցներ հասցնել մարդու օրգանիզմ: