Բաժիններ՝

Քաղաքացին հարկվելու մատերիալ է։ Ազգային ժողովը հաստատեց գույքահարկի բարձրացման նախագիծը

Ասում էին՝ ցանկություն ունենք տեսանելի հարստությունն ու ունեցվածքը համարժեք հարկել, իսկ ի՞նչ արեցին իրականում։

Երկրում համավարակի դեմ պայքարը որևէ արդյունք չի տալիս, ինչի մասին վկայում են օրեցօր շատացող վարակակիրների և, որքան էլ ցավալի է, մահացությունների թիվը։ Որքան էլ պետական ամբիոններից ասեն, թե երկրում սոցիալական ճգնաժամ չկա, քաղաքացիներից յուրաքանչյուրն ինքն էլ առանց ասելու՝ գիտի, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած, տնտեսությունը գահավիժում է՝ ամիս առ ամիս արձանագրելով տարատեսակ ցուցանիշների անկումներ և, փոխարենը, ինչպես սովորաբար անում են քաղաքացուն ու պետությանը միտված իշխանությունները, քայլեր ձեռնարկվեն քաոսային իրավիճակի զարգացման տեմպը դանդաղեցնելու և հետևանքները վերացնելու համար, որոշում է կայացվում մի հարված էլ տալ քաղաքացուն՝ միջինը 4.3 անգամով ավելացնելով գույքի դիմաց գանձվող հարկի դրուքաչափը։

Կրկին հապշտապ, կրկին օգտվելով արտակարգ դրության առկայությունից, որով արգելել են տարատեսակ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները և, ըստ էության, լռեցրել մարդկանց՝ զրկելով դժգոհությունն ու անհամաձայնությունն առավել լսելի դարձնելու հնարավորությունից, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժը, հաստատում են վիճահարույց այս օրինագիծը։ Ուրույն կերպով լռեցրել էին նաև ոչ իշխանական ֆրանկցիայի պատգամավորներին՝ արտահերթ ռեժիմից ելնելով ասելիքի համար նախատեսելով ընդամենը 2 րոպե և զրկելով հարցեր տալու հնարավորությունից։ Ժամանակին նախկիններին մեղադրում էին, թե թաքնվում են ոստիկական պատնեշների ու փշալարերի հետևում, իսկ ի՞նչ են անում ներկաները․ նրանք էլ թաքնվում են արտակարգ դրության ետևում և սուս-փուս իրենց շահերին հաճո օրենքներ հաստատում։

Նման ոչ մտածված որոշմամբ իշխանությունները հարկ վճարելու պարտավորության առաջ են կանգնեցրել մոտ 580․000 քաղաքացու, ովքեր տարիներ շարունակ ազատված էին գույքահարկ վճարելուց, քանի որ նրանց պատկանող գույքի արժեքը համապատասխանում էր մինչև 3 միլիոն դրամի չհարկվող սահմանաչափի շեմին։ Այժմ այդ շեմն էլ է վերացվել, հարկվելու է ամեն ինչ՝ գյուղական համայնքներում ու աղետի գոտում գտնվող փոքր տնակից մինչև շան բուն․ «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու»՝ կասեր երևի վարչապետ Փաշինյանը ու նրա թիմը, ում համար, փաստորեն, մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ գույքն էլ է համարվում տեսանելի հարստություն։

Որոշել միջինում 4.3 անգամով բարձրացնել գույքահարկը՝ առանց հաշվի առնելու, որ համատարած նման որոշման կիրառումը հղի է տարատեսակ խնդիրներով, առանց հաշվի առնելու, որ, օրինակ, Կենտրոն կամ Արաբկիր համայնքում գույք ունենալը դեռ հարստության նշան չէ, և, որ գուցե այդ բնակարանում ապրում է մեկ թոշակառու, ում ամսական թոշակը չի գերազանցում 25․500 դրամը, ով եթե նախկինում իր երկու սենյականոց բնակարանի համար տարեկան վճարում էր մինչև 9300 դրամ գույքահարկ, դրույքաչափերի հաշվարկման համակարգի փոփոխության արդյունքում, երբ հաշվարկի հիմքում լինելու է ոչ թե կադրաստային, այլ գույքի շուկայական արժեքին մոտարկված գինը, ստիպված է լինելու վճարել մոտ 77․000 դրամ։ Սա արդեն ոչ թե 4.3 անգամով է բարձր, այլ մոտ 8.3 անգամ։ Կասեք՝ դե դա Արաբկիրն է, բայց նման պատկեր է լինելու ամենուրեք։

Վերցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող երկու սենյականոց բնակարանը՝ 75 քմ մակերեսով։ Կադաստրային արժեքի հիման վրա արվող հաշվարկի դեպքում գույքահարկը կազմում է մոտ 1400 դրամ, իսկ երբ սկսի հաշվարկվել շուկայական արժեքին մոտարկված գնով, այն կաճի մոտ 12 անգամ՝ հասնելով մոտ 16․500 դրամի։ Հաշվի չի առնվել, որ գուցե այդ գույքն ընդհանրապես ժամանակին պետության կողմից որպես նվեր հանձնվել է որևէ արվեստագետի, և այժմ վերջինիս ժառանգները պետք է ինչ-որ կերպ հայթայթեն այդ գումարը։

Վարչապետ Փաշինյանն ինքն էր ասում, որ համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական ճգնաժամի արդյունքում ավելի քան 72․000 աշխատատեղ է փակվել միայն ապրիլ ամսին։ Ու թեև, ինչպես հայտարարում է իշխանությունը, դրանց որոշ մասը սկսում է վերականգնվել, այնուամենայնիվ, երբ իշխանությունները չեն ներկայացնում տնտեսությունը վերականգնելու որևէ ծրագիր, երբ չկա որևէ հստակ կանխատեսում, թե տնտեսական ցուցանիշների գահավիժման նման տեմպի դեպքում ինչ պատկեր կունենանք տարեվերջին, հարց է առաջանում, թե ո՞ւր են այն երաշխիքները, որ փակված աշխատեղերի քանակը հաջորդ տարվա սկզբին չի հասնի 200․000-ի և ավելի։ Այդ դեպքում ի՞նչ խղճով է իշխանությունն ընդունում գույքահարկի դրույքաչափի բարձրացման նախագիծը, երբ այդ փակված աշխատեղերից յուրաքանչյուրի հետևում 1 մարդ կամ 1 ընտանիք է, ով այսօր զրկվել է իր առօրյա հացի գումարից, և դեռ պարզ չէ, թե երբ կկարողանա վերականգնել իր աշխատանքը։ Էլ չասած, որ առողջապահական ոլորտի կոլապսի այս պայմաններում հարց է, թե արդյոք այդ մարդը մինչ այդ կկարողանա՞ լիարժեք առողջ մնալ։

Ցավալին այն է, որ այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն վճարել նման բարձր գույքահարկ, իշխանություններն առաջարկում են պարզապես վաճառել, իրենց բնորոշմամբ, խնդրահարույց բնակարանը կամ տունը և տեղափոխվել մի այնպիսի վայր, որտեղ գույքի շուկայական արժեքը ավելի ցածր կլինի և, հետևաբար՝ նաև գույքահարկը։ Այլևս զարմանալի չի լինի, եթե որպես մեկ այլ լուծում՝ առաջարկ արվի պարզապես գույքը վաճառել ու գնալ երկրից։ Իսկ բոլոր նրանք, ում դեմ, իբրև թե, ուղղված էր այս նախագիծը, հանգիստ կշարունակեն վայելել իրենց կենցաղն այդ դղյակներում՝ կրկին մեջբերելով Փաշինյանին, քանի որ ունևոր խավը, այսպես թե այնպես, կկարողանա վճարել այդ գումարները, ինչը չես ասի աղքատ և միջին խավի մասին։

Ստացվում է, որ հարցի սին հրատապության ներքո, անտեսելով այնպիսի «փոքր» և «անկարևոր» հանգամանքները, ինչպիսին սոցիալական բաղադրիչն է, ընդունվում է մի որոշում, որը համատարած կիրառվելու է բոլորի վրա, մինչդեռ կարելի էր փոքր-ինչ ավել աշխատել ու որոշումը թիրախային օգտագործել։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ վարչապետ Փաշինյանի բառամթերքով ասած, քաղաքացուն հարկելու մատերիալ դարձնելու թավշյա արվեստ։

Իշխանությունն աչքերը փակ գնում է հերթական ռիսկային քայլի՝ քաղաքացու կողքին լինելու փոխարեն, գործելով ընդդեմ ժողովրդի, քաղաքացու շահը ստորադասելով սեփական շահին, ներդրումների և սեփական թիմի ճիշտ աշխատանքի միջոցով բյուջեն լցնելու անկարողությունից դրդված՝ մեծացնելով քաղաքացու հարկային բեռը։ Իշխանություններն այս հրատապ որոշմամբ, ըստ էության, գույքն ավելի թանկ գնահատեցին, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս