Բաժիններ՝

«Միայն շատ քաղաքավարի կերպով ԴԱՀԿ-ից տեղեկացրեցին, որ մեր հաշիվների վրա 3 միլիոն դրամի չափով կալանք է դրված»․ կինոռեժիսոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա:

Հովհաննես Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ մասին իրեն տեղեկացրել են մոտ երկու շաբաթ առաջ։

«Երբ դատարանի կողմից որոշում ստանանք՝ իմ փաստաբանն անմիջապես բողոքարկելու է։ Արմեն Ամիրյանի կողմը մեզ զրպարտության համար դատի է տվել։ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ես անցնում եմ՝ որպես տուժող, իսկ Արմեն Ամիրյանը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահած մարդ։ Եվ իրենք դատական գործընթաց են սկսել, որ երևի մամուլում ինչ-որ հրապարակումներ չլինեն Ամիրյանի անձի հետ կապված, և այլն։ Ես դրան ոչ մի կերպ չեմ վերաբերվում, և երբ դատարանի կողմից նիստ նշանակվի, մեզ էլ այդ մասին տեղեկացնեն, իմ  փաստաբանը ստանա դատարանի այդ որոշումը, անմիջապես հանդես է գալու միջնորդությամբ՝ անհապաղ դա կասեցնել, որովհետև քրեական գործ է ընթանում»,- մանրամասնեց Հովհաննես Գալստյանը։

Իսկ հարցին, թե ե՞րբ է նշանակվել բուն գործով դատական նիստը՝ կինոռեժիսորը պատասխանեց, որ ոչ մի տեղեկություն չունեն։

«Միայն շատ քաղաքավարի կերպով ԴԱՀԿ-ից տեղեկացրեցին, որ մեր հաշիվների վրա 3 միլիոն դրամի չափով կալանք է դրված։ Բայց մեր հաշիվների վրա այս պահին զրո դրամ է, որովհետև երեք տարի է՝ աննախադեպ ճնշման տակ ենք։ Հիմա ուզում են կալանք դնեն, ուզում են՝ չդնեն»,- նշեց Հովհաննես Գալստյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 10-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս