«Մինչև 2022թ․ մարտի 1-ը ժամանակ էր տրված, որ աշխատեինք ու կարողանայինք հետ բերել ներդրումները․ էլ ի՞նչ ներդրում հետ բերելու մասին է խոսքը»․ «Նարգիլե սիրողների միության» նախագահ
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:
Երեկ՝ հունիսի 25-ին, մի շարք կազմակերպություններում արձանագրվել են խախտումներ, մի մասի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով։ Իսկ ահա, նարգիլե մատուցող ընկերություններից երկուսի գործունեությունը դադարեցվեց 168 ժամով։
Նշենք, որ մայիսի 18-ից, պարետի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը գրեթե ամբողջությամբ թույլատրված է, սակայն կան որոշ սահմանափակումներ, որոնցից մեկը նարգիլեի մատուցումն է։
«Նարգիլե սիրողների միության» նախագահ Գոռ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու ռեստորանի գործունեությունը 168 ժամով դադարեցնելու արգելքը կիրառեցին, իսկ նման բան դեռ չէին արել։
«Արգելեցին, քանի որ մարդիկ շարունակել էին նարգիլե մատուցել, բայց աշխատելու այլ տարբերակ չկա։ Վարչական տույժի մասին դեռ խոսք չկա, այս պահին ոչինչ չեն ասել, միայն գործունեությունը կասեցրել են։ Մնացած տեղերում էլ 24, 48 ժամերով պարբերաբար դադարեցնում են գործունեությունը։ Օրինակ, Ռուսաստանում մինչև անցած շաբաթ հանրային սննդի ոլորտը չի աշխատել, ու դրա հետ մեկտեղ՝ չեն աշխատել նարգիլե ակումբները։ Բայց, երբ բացվել են հանրային սննդի օբյեկտները, էլի նույն այս սահմանափակումներով, նարգիլե սպասարկող ակումբներն էլ են բացվել։ Մինչև 2022թ․ մարտի 1-ը մեզ ժամանակ էր տրված, որ աշխատեինք ու կարողանայինք հետ բերել այն ներդրումները, որ արել էինք։ Իսկ հիմա փաստացի ստացվում է, որ մարտ ամսից չենք աշխատում, էլ ի՞նչ ներդրում հետ բերելու մասին է խոսքը»,- ասաց «Նարգիլե սիրողների միության» նախագահը։
Նրա փոխանցմամբ՝ փորձել են դիմել պարետին, սակայն ասել են, որ արտակարգ դրության պայմաններում հանդիպումներ չեն նշանակվում։
«Միակ տարբերակն այն է, որ թողնեն աշխատենք՝ պահելով պարետի բոլոր ցուցումները։ Նարգիլեն կարելի է ախտահանել, մեկանգամյա օգտագործման խողովակներ օգտագործել, որ նարգիլե օգտագործելու գործընթացը 100 տոկոս անվտանգ լինի, բայց իրենք այդքան չեն խորանում։ Իրենք ասում են, թե թոքերին ավելորդ ծանրաբեռնվածություն է լինում, բայց շատ բան կա, որ թոքերի համար ավելորդ ծանրաբեռնվածության է ստեղծում»,- նշեց Գոռ Գասպարյանը: