«Այս նախագծի սահմանադրականության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ՍԴ-ն». Արա Ղազարյանը՝ ՍԴ ուղարկած ԲՀԿ-ի դիմումի մասին

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ դիմումն արդեն  ուղարկել են Սահմանադրական դատարան.

«Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար՝ ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,- գրել էր պատգամավորը։

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանն ասաց՝ եթե առաջնորդվեն զուտ ընթացակարգային իրավունքով, ապա ՍԴ ուղարկած դիմումն այլևս չեն կարող քննել, քանի որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքն արդեն ուժի մեջ է մտել։

«Միևնույն ժամանակ՝ բոլորս գիտենք, որ այդ օրենքն իրավաչափ օրենք չէ, բավականին լուրջ խախտումներով ընդունված օրենք է։ Սակայն, միևնույն է, ըստ էության, Սահմանադրական դատարանը գուցե կարող է քննել դիմումը, բայց այստեղ արդեն քվորումի հարց է բարձրանում, այսինքն՝ ՍԴ կազմի մասին հարց է բարձրանում։ Այս պահին ՍԴ-ն չունի նախագահ, ունի միայն 6 դատավոր։ Պետք է տեսնել, ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ այս կազմով հնարավո՞ր է դիմումը քննել, թե՞ ոչ։ Եթե լայն շրջանակով նայենք, ապա այդ օրենքը, որն ուժի մեջ մտավ կեսգիշերին, ոչ իրավաչափ օրենք է, քանի որ այն չի դիմանում օրենքի գերակայության պահանջին, չի դիմանում նաև մարդու հիմնարար իրավունքների պահանջին»,- ասաց Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ խախտվել է ոչ միայն այն կետը, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր ՍԴ, այլև այնպիսի ֆունդամենտալ հիմքեր, որ նույնիսկ դրանց համեմատ՝ ընթացակարգային հիմքերի խախտումը նույնիսկ չի երևում։

«Այս նախագծի սահմանադրականության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն ՍԴ-ն։ Ժամանակին մի դատական ակտ եմ հիշում, երբ Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել, որ այսինչ նորմը հակասում է Սահմանադրությանը, այն խստորեն քննադատության արժանացավ ՍԴ-ի կողմից՝ որտեղից նշեցին, որ այս երկրում միայն ՍԴ-ն կարող է հայտարարել որևէ նորմի սահմանադրականության մասին։ Կարծիքներ կարող են հնչել պետական կառույցների և մասնավոր անձանց կողմից, բայց որպես դատական մարմին՝ որոշման մեջ հակասահմանադրականության վերաբերյալ եզրահանգում անել կարող է միայն Սահմանադրական դատարանը»,- շեշտեց նա։

Անդրադառնալով ՀՀ նախագահին նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելուն և այն ԱԺ նախագահին վերապահելուն, Արա Ղազարյանն ընդգծեց՝ երբ չորս տարի առաջ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված քննարկումներ էին իրականացվում, բազմիցս ասել են, որ ՀՀ նախագահը պետք է արբիտր հանդիսանա համապետական նշանակության կարևոր խնդիրների վերաբերյալ։

«Բայց մենք ականատես եղանք, որ նախագահը ստորագրեց իր դերակատարումը չեզոքացնելու մասին նախագիծը։ Պարզ էր, որ այդ ամենն արվում էր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բայց օրենքի գերակայությունը չի կարող ստորադասվել քաղաքական նպատակահարմարությանը։ Ինչո՞ւ են ասում՝ օրենքի գերակայություն, որպեսզի ամեն անգամ օրենքը չհարմարեցվի քաղաքական նպատակահարմարությանը»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը երեկ կեսգիշերին արդեն ուժի մեջ է մտել։

Ըստ այդ օրենքի՝ ՍԴ-ում 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները պետք է թողնեն իրենց պաշտոնը: Այս օրենքը տարածվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի  և Ալվինա Գյուլումյանի վրա։

Օրենքի հետ կապված՝ երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ:

«Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ»,- նշել էր վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս