«Վանոյի БТР»-ները, կամ ինչու են հայ կանայք հայհոյում սոցցանցերում. Sputnik Արմենիա
armeniasputnik.am–ը գրում է․ «Սոցիալական ցանցերն այն հարթակն են, որտեղ վառ արտահայտվում են հանրության տրամադրությունները։ Բայց եթե իրական կյանքում շատերը զուսպ են, ապա Facebook-ում որևէ մեկը չի քաշվում հայհոյելիս, անգամ եթե այդ մեկը տարիքով կին է։
Հիշում եմ` 90-ականների սկիզբն էր, կարծես երեկ լիներ։ Ամենօրյա ցույցեր Երևանի կենտրոնում, երթեր, գործադուլներ և․․․ մոտ 55-60 տարեկան կանանց մի խումբ, որոնք, ինչպես իրենց էր թվում, գլուխ էին հանում մեծ քաղաքականությունից։ Յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ նրանք շարքով կանգնում էին առաջին տեղերում և պատրաստ էին կտոր-կտոր անել յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր քննադատական բան ասել նրանց կուռքի հասցեին։ Նրանց դեմ անզոր էին բոլոր հատուկ նշանակության զորքերը, իսկ նրանց կուռքը Վանո Սիրադեղյանն էր։ Այդ ԿՔԱ-ն էլ (Կազմակերպված քաղաքական միավորումը) հենց անվանում էին «Վանոյի БТР»-ներ։
Ի դեպ, այս know-how–ն ամենևին էլ զուտ հայկական չէր։ Զուգահեռ Թբիլիսիի կենտրոնում աղմուկ էին բարձրացնում Զվիադ Գամսախուրդիայի երկրպագուհիները, որոնց անվանում էին «սև զուգագուլպաների գումարտակ»։
Այն ժամանակ ոչ ոք լրջորեն չփորձեց վերլուծել մեր հասարակության այդ շերտի վարվելաձևը, դրդապատճառները, սոցիալական դիրքը. դրա ժամանակը չէր։ Եվ հետո նրանք իրենց կուռքերի հետ միասին շատ արագ պատմության գիրկն անցան։
Անցան տարիներ, հիմա էլ սոցցանցերում են ակտիվացել հետբալզակյան տարիքի կանայք, որոնց գրառումները, մեղմ ասած, ցնցող են։ Եթե նրանց նախորդներն իրենց հակառորդների գլխին ամենասարսափելի նզովքներն էին թափում, ապա սրանք հայհոյանքներ են գրում։ Ընդ որում՝ այնպիսի ընտրովի հայհոյանքներ, որ կարելի է ենթադրել, թե մի քանի անգամ «նստել են» ու վերջերս են դուրս եկել՝ վերջին համաներման ժամանակ։ Ցավոք, նման կերպ արտահայտվելու սիրահար կանայք Facebook-ում մեկը-երկուսը չեն՝ տասնյակներ են։
Սոցցանցերում հայհոյող արական սեռի ներկայացուցիչների հետ կապված (նրանց տղամարդ անվանել լեզուս չի պտտվում) ամեն ինչ պարզ է։ Համենայն դեպս՝ ինձ համար։ Ես նրանց երեք խմբի եմ բաժանում։
1․ Պրոֆեսիոնալ ֆեյքեր, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում։ Նրանք գաղափարական ճակատի մարտիկներ չեն, այլ վարձու աշխատողներ։ Հիմնականում երիտասարդներ են՝ ցածր սոցիալական պատասխանատվությամբ։
2․ Սիրողական ֆեյքեր, որոնց հետևում նապաստակի ոգով մարդիկ են թաքնված։ Իրենց իրական անվան տակ վախենում են հայհոյել, հանկարծ հարցեր կառաջանան, ուստի մի այլ անկյունից են կեղտ շպրտում և այդպիսով ինքնահաստատվում։
3․ Լուզերներ՝ անհաջողակներ։ Ես լուզերներ անվանում են նրանց, որոնց հավակնությունները գերազանցում են իրենց ունակություններին, այդ պատճառով ամբողջ կյանքում նեղված ու նեղացած են լինում։ Նրանք հաստատ գիտեն` ինչպես լուծել երկրի հարցերը, տնտեսության աճ ապահովել և հաղթահարել համավարակը։ Բայց ամբողջ կյանքում ոչ մի օգտակար բան չեն արել։ Ինչ-որ մեկն աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա, մեկ ուրիշը, արևը հազիվ ծագած, սկսում է մշակել իր խաղողի այգին, իսկ այս ակտիվ սոցցանցային օգտատերը պառկում է ծնողներից ժառանգած բազմոցին, բոլորին նախանձում է ու լեղին շաղ տալիս ամբողջ Ֆեյսբուքով։
Սա սոցցանցերում խուլիգանություն անող, իրերն իրենց անուններով կոչենք, արական սեռի խուժանի մասին։ Իսկ այ թե ինչն է ստիպում կանանց, այն էլ՝ հասուն կանանց, այդպես պահել իրենց, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Նման կերպ կարող են իրենց դրսևորել այլ կնոջ հաջողության, գեղեցկության, երիտասարդության, վերջապես հաջող ամուսնության հանդեպ նախանձով լցված կանայք։ Բայց երբ փողոցային լուտանքներ են թափվում երկրի ղեկավարի կամ ընդդիմության առաջնորդի հասցեին, դա մեղմ ասած, անհասկանալի է։
Սոցցանցերում ամեն ինչ կարելի՞ է։ Տանը և աշխատավայրում քաղաքավարի ու հարգալից են, իսկ Ֆեյսբուքում իրենց պահում են այնպես, ինչպես իրականում կա՞ն։
Հիշում եմ, որ Սիրադեղյանի «БТР-ուհիների» մասին մարդիկ բամբասում էին, թե ամուսնալուծված կանայք են, չբավարարված ու ամբողջ աշխարհից նեղացած։ Չգիտեմ, ճիշտ էին, թե չէ, այդ կանանց մոտիկից չէի ճանաչում։
Բայց այսօրվա ֆեյսբուքյան հերուսհիների կյանքում, թվում է` ամեն ինչ կարգին է․ ամուսնու, երեխաների, թոռների հետ տոնական սեղանների շուրջ նստած ժպտացող լուսանկարներ ունեն, եկեղեցում մոմ վառելիս լուսանկարներ ունեն, Գլենդելում՝ արմավենիների ֆոնին՝ ունեն և այլն։
Եվ սրան զուգահեռ այնքան կեղտոտ հայհոյանքներ, որ տղամարդն անգամ կամաչի գրել, հայհոյանքներ մեր պետության նախկին կամ գործող ղեկավարների հասցեին, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հասցեին և այլն, և այլն։ Նայած` ով ում է պաշտում։ Ես մի հարց ունեմ՝ ո՞վ է նրանց սովորեցրել այսքան պատկերավոր հայհոյել։ Ակնհայտորեն՝ ոչ ամուսինը, ոչ էլ սկեսրայրը կամ եղբայրը։
Վարդան Ալոյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։