«Արտարժույթի ռեզերվները կարևորագույն բուֆեր են՝ ցանկացած երկրի վճարունակության տեսանկյունից». Տնտեսագետ
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ քննադատություններին, թե համավարակով պայմանավորված՝ միջոցներ են ծախսվում պահուստային ֆոնդից, և շուտով կարող ենք ունենալ ազգային անվտանգության խնդիր. «Արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջև»:
Ի պատասխան՝ փոխնախարարն աձագանքեց. «Ազգային անվտանգության խնդիր ես չեմ տեսնում։ Մենք հետևողականորեն աշխատում ենք և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք՝ երկրում ֆինանսական կայունությունը որքանով է ապահովված։ Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ ։ Եթե ձեր նշած խնդրում ի նկատի ունեք ֆինանսական ֆիսկալ անկայունության բյուջետային ռեսուրսների անբավարարվածության պարագայում անվտանգության խնդիր, ապա ես նման բան չեմ տեսնում»։
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով պահուստային ֆոնդերին` հիշեցրեց, որ գործող իշխանությունները, երբ իրենց տնտեսական նոր մոդելն էին ներկայացնում, մատնանշում էին, որ արտաքին պարտքի բեռը պետք է էապես թեթևացվի, խոսում էին արտարժույթով պահուստների ավելացման մասին, մինչդեռ, ըստ նրա, սրանք այն հարցերն են, որոնք կարիք ունեն երկարաժամկետ գնահատման.
«Այդ հարցերը կարճաժամկետ գնահատման ենթակա չեն՝ երկարաժամկետ ցուցանիշներ են, և դինամիկայի մեջ պիտի նայել: Կարճ ասած՝ եթե, օրինակ, վարչապետն ասում էր, որ ավելացել են արտարժույթով պահուստները 500 միլիոնով 2019 թ., դա դեռ չէր նշանակում, որ մենք այդ խնդիրը լուծել ենք, և կայուն տնտեսական աճի հիմքերն են ստեղծված, որովհետև պահուստները հիմա, ակնհայտ է, որ վաճառվում են՝ որպես ինտերվենցիաներ: Կենտրոնական բանկը վաճառում է արտարժույթ, որպեսզի ազգային արժույթի արժեզրկումը կանխի: Սա ակնհայտ է»:
Թ. Ավետիսյանը նկատեց, որ Կենտրոնական բանկի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական ֆունկցիաներից մեկը գների կայունության պահպանումն է, հետևաբար, հատկապես առաջին անհրաժեշտության ներկրվող ապրանքների գնաճ թույլ չտալու համար, իրականացնում են արտարժութային ինտերվենցիաներ. «Տարբեր գնահատումներով՝ այս տարի 200 միլիոն դոլարից ավելի նվազել են մեր արտարժույթի ռեզերվները, որովհետև դրանք փաստացի վաճառվել են արժութային շուկայում: Սա նաև շարունակվելու է, որովհետև մենք ունենք արտահանման նվազում, այսինքն՝ արտահանման տեմպերը նվազել են, արտահանումից ակնկալվող արտարժույթի մուտքերն են կրճատվում, երկրորդը, որ տրանսֆերները (օտարերկրյա արտարժույթով ներհոսքը) ևս կրճատվել են, որովհետև միգրանտները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս բոլորը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պարտադրում են Կենտրոնական բանկին իրականացնելու ինտերվենցիա՝ հակազդելու այս գործոններին, հակառակ պարագայում՝ մենք գերարժեզրկում կունենանք՝ իր բոլոր սոցիալ-տնտեսական հետևանքներով»:
«Արդյոք պահուստային ֆոնդերի ծավալների նվազումը կհանգեցնի՞ անվտանգության խնդիրների» հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանուր առմամբ, արտարժույթի ռեզերվները կարևորագույն բուֆեր են ցանկացած երկրի վճարունակության տեսանկյունից, որովհետև եթե հանկարծ այդ ռեզերվները որոշակի սահմանից ներքև նվազեն, կնշանակի՝ ունենք վճարունակության խնդիր, ինչը կբերի ազգային արժույթի հիպերարժեզրկման՝ իր բոլոր հետևանքներով:
Սակայն լավ օրից չէ, որ ինտերվենցիաներ են իրականացվում. ես նշեցի հստակ գործոններ, որոնք պարտադիր պահանջում են ինտերվենցիաներ: Դրա այլընտրանքը կլինի ազգային արժույթի ռիսկը, արժեզրկման անորոշությունը, որը ոչ միայն տնտեսական բացասական հետևանքներ կունենա՝ առանց այն էլ՝ մեր երկրի տնտեսական այսօրվա իրավիճակում, այլ նաև՝ սոցիալական, որովհետև դա կբերի գների բարձրացման և ընդհանուր առմամբ կհանգեցնի սոցիալական լարվածության խորացման»:
Ըստ Թադևոս Ավետիսյանի, եթե այլ լուծումներ չգտնվեն, եղած խնդիրներն օր առաջ չհանգուցալուծվեն, ապա ռեսուրսներն ուղղակի սպառվելու են, իսկ ինտերվենցիաների բերած կայունությունը ժամանակավոր է: