Ճգնաժամային իրավիճակում գույքահարկի ավելացումը դավադրություն է հանրության թիկունքում. Հայկ Ֆարմանյան
ԱԺ-ում արտահերթ ընթացակարգով քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է վերանայել գույքային հարկերի համակարգը: Արդյունքում՝ անշարժ գույքի գույքահարկը մի քանի անգամ կավելանա:
Ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագիտության դոցենտ Հայկ Ֆարմանյանի՝ նման օրինագիծը ճգնաժամային իրավիճակում արտահերթ ընթացակարգով քննարկվում է, քանի որ չկա հանրային քննարկման, ընդվզման հնարավորություն:
«Դա ոչ այլ ինչ է, քան դավադրություն հանրության թիկունքում: Նպատակը շատ հստակ է, կոպիտ ասած, «սղացնել» օրենքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ֆարմանյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ այս նախագծի վերաբերյալ կան իրար հակասող հայտարարություններ, մտքեր:
«Ամենասկզբում, երբ խոսում էին կադաստրային արժեքը շուկայական արժեքով փոխարինելու մասին, հստակ չէր, որ դա, ըստ էության, գույքահարկի բարձրացման նպատակ է հետապնդում: Բայց հետագայում իրենք պարզ հայտարարեցին, որ իրականում նպատակը գույքահարկի բարձրացումն է, և դրան հաջորդեցին հետևյալ հայտարարությունները և՛ վարչապետի կողմից, և՛ ֆինանսների նախարարի կողմից: Վարչապետը հայտարարեց, որ «մենք ֆիսկալ նպատակ չենք հետապնդում», ֆինանսների նախարարը հայտարարում է, որ գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը զրոյական է, և հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե նպատակը ֆիսկալ չէ, ապա ի՞նչ է: Պարզ չի»,- ասաց տնտեսագիտության դոցենտը:
Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ այսօր ԱԺ-ում քննարկումները ցույց տվեցին, որ նախագիծը բյուջեի մուտքերի աճի նպատակ է հետապնդում: Ըստ Ֆարմանյանի՝ այս պահին, բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք է շարունակեն իրենց պարգևավճարները ստանալ, անիմաստ հաստիքներ ավելացնեն, պետական ուռճացված ապարատի ծախսերը հոգան: Ու այս ամենի արդյունքում շատ հստակ է, որ նախագիծը միայն պետական բյուջեն ավելացնելու նպատակ ունի:
Մեր զրուցակիցը մեկ այլ փաստ ևս առանձնացրեց: Ըստ նրա՝ շուկայական գնահատման մեխանիզմը, որին այս պահին ցանկանում է գնալ իշխանությունը, շատ անարդար մեխանիզմ է: Ավելի պարզ ներկայացնելու համար մասնագետը մեկ օրինակ բերեց: «Պատկերացրեք մարդ, որը տարիներով կուտակել է որոշակի գումար, ստեղծել է ինչ-որ մի տուն, գույք է կառուցել, որի արտաքին տեսքը թանկ նյութերից է, ավտոմատ այդ գույքի շուկայական արժեքը բարձրանում է: Իսկ մեկ այլ մարդ, որը բանկում ունի հսկայական միջոցներ՝ ավանդի տեսքով, վատ նյութերով է կառուցել արտաքին մասը, հետևաբար՝ նրա անշարժ գույքի շուկայական արժեքն ավելի ցածր է»,- ասաց Հայկ Ֆարմանյանը՝ նշելով, թե նման դեպքում գուցե ավելի ճիշտ կլինի առաջ քաշել ընդհանուր գույքի հարկման մեխանիզմ՝ անկախ նրանից՝ անշարժ գո՞ւյք է, թե՞ ոչ:
Նախագծի՝ ֆիսկալ նպատակ չհետապնդելու մասին վարչապետի ասած հայտարարությունը մասնագետի մոտ մեկ այլ հարց է առաջացրել: Ըստ Ֆարմանյանի՝ եթե նախագծի նպատակը ֆիսկալ չէ, ապա այն պետք է դիտարկել՝ որպես ազգային, պետական տուրք: Իսկ նման դիտարկման դեպքում, ըստ նրա, պետք է ներգրավված լինի նաև սփյուռքի հայությունը: Բայց այս տեսակետին դեռևս արձագանքներ չկան:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ կառավարությունը պետք է այլ ճանապարհով գնար:
«Պետք է հայտնաբերեին բոլոր այն ապօրինությունները, որոնք նախկինում տեղի են ունեցել: Գաղտնիք չէ, որ շատ-շատերը հասարակական նշանակության այգու տարածքում կառուցել են ինչ-որ մի շինություն, կամ, ենթադրենք, ապօրինաբար բերել, կառուցել են ինչ-որ մի սրճարան: Եթե այդքան խոսում են ապօրինություններ բացահայտելու մասին, թող բացահայտեին, թե ժամանակին այդ մարդիկ ինչպե՞ս են այդ գույքի սեփականատեր դարձել նմանատիպ հանրային տարածքներում, և դրանցից թող պահանջեին վճարել համապատասխան բարձր գույքահարկ:
Ընդհանրապես ասվում է նաև, որ գույքահարկը դա հարստության հետ կապ ունի: Հիմա դա կապ ունի այնքանով, որքանով մարդն ունի եկամուտ: Եթե մարդը եկամուտ չունի, բնականաբար, նաև չի կարող, արդարացված չի, որ գույքի լավ արտաքին տեսքի համար դառնում է «մեղավոր» և պետք է վճարի բարձր հարկ: Իսկ մյուսը, որ, օրինակ, գույքը տեղափոխել է արտասահման, կապիտալը տեղափոխել է դուրս, բանկում ունի ավանդ, խնդիր չունի»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխության, այն է՝ չհարկվող շեմի վերացումը, որը նախկինում համարվում էր 3 միլիոն դրամը, Հ. Ֆարմանյանը մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «թացը չորին է խառնվելու»:
«Այսինքն՝ իրենց համար կա որոշակի կատեգորիա մարդկանց, սեփականատերերի, որոնց իրենք ցանկանում են բերել հարկային դաշտ:
Սկզբում խոսվում էր կադաստրային արժեքի վերանայման մասին, և դա չէին կապում գույքահարկի բարձրացման հետ, հետո բաց տեքստով հայտարարեցին, որ նպատակը գույքահարկի ավելացումն է: Դա տարակուսելի էր, այս ճգնաժամային իրավիճակում նման օրինագիծ բերելը որևէ կերպ չի ընկալվում»,- նշեց մասնագետը:
Հայկ Ֆարմանյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ այս նախագծին կարող է հաջորդել այլ հարկատեսակների ի հայտ գալը: