«Մինչև վերջ գնալու ենք, իրավիճակ է փոխվել, իսկ 2015 թվականն այլ էր». Արտյոմ Ծառուկյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հարց է հնչեցնում՝ ինչո՞վ է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նոր, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ հին։ «Այն նույն ձևով, ինչ ձևով նայում են Սահմանադրական դատարանին ու նրա նախագահին, այդ նույն ձևով էլ կարող են նայել Գլխավոր դատախազին, և այն մեկնաբանությունները, որոնք անում են Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ, նույնը կարող են անել նաև Գլխավոր դատախազի դեպքում, ուստի մեզ մոտ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Գլխավոր դատախազը չի համարվում հին»,- այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

Անդրադառնալով Ազգայի ժողովի այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում էր  «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը՝ Արտյոմ Ծառուկյանը նշեց, որ իր համար անընդունելի է, որ Սահմանադրության հոդված է փոխվում՝ առանց հարցը հանրային քննարկման դնելու, իսկ քանի որ Ազգային ժողովում քննարկվող նախագիծն ունի Սահմանադրության մի շարք հոդվածների հետ անհամապատասխանություն, ուստի իրենք նպատակահարմար համարեցին մաս չկազմել ոչ իրավական գործընթացներին։

«Խնդիր է դրված ընդամենը, որ Ազգային ժողովն արագ լուծի Սահմանադրական դատարանի հարցը։ Մենք՝ որպես ընդդիմադիրներ, օրենսդրությամբ մեր ձեռքում եղած բոլոր գործիքներն օգտագործելու ենք։ Քանի որ օրենքը նոր է ընդունվել, քննարկումներ կունենանք՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է անհրաժեշտ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Եթե որոշվի չդիմել Սահմանադրական դատարան, ապա վստահ եղեք, որ մենք դրա համար բոլոր հիմքերը կունենանք, բայց եկեք չշտապենք»,- ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողին՝ Արտյոմ Ծառուկյանը շեշտեց, որ այն, ինչ կատարվում է, քաղաքական է, և հավելեց՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորել-չկալանավորելը որևէ հետևանք չի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջի վրա։

«Մենք ինչպես ասել ենք հունիսի 5-ին՝ պահանջել ենք կառավարության 100 տոկոս հրաժարականը, մեր այդ պահանջը չենք փոխել»։

Հարցին՝ արդյոք «Բարգավաճ Հայաստանը» չի՞ կրկնի 2015 թվականի պատմությունը, և ինչ-որ փուլում չի՞ փակի քաղաքականության՝ արդեն այս էջը, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով՝ չպետք է համեմատականներ տանել 2015 թվականի և ներկայիս միջև. 2015 թվականին այլ իրավիճակ էր, մեկ օրվա մեջ 600-ից ավելի մարդ ձերբակալվեց, մենք հասկանում էինք, որ արյուն է թափվելու, և հենց դա մեզ ստիպեց, որ այդ որոշումներից հետ կանգնենք։ 2015 թվականին այլ իրողություններ էին, հիմա իրավիճակ է փոխվել, այս պահին մեզ հետ հույսեր են կապում հարյուր-հազարավոր մարդիկ, պրոցեսներն ընթանում են առաջ։ Մենք, այո, 2015 թվականին հետ ենք կանգնել, բայց  հիմա մինչև վերջ գնալու ենք»։

Նկատենք, որ հաղորդման տեսանկարահանումից հետո պարզ դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս