«Հանցավոր արարքների հասցեատերերի շրջանակը լայն է և դրսևորվում է թե գործողությամբ, և թե անգործությամբ. նախագծի ներկայացումը և դրան կողմ քվեարկելը դրսևորվում է գործողությամբ, իսկ խափանման նպատակով ՍԴ չդիմելը՝ անգործությամբ». Սիրանուշ Սահակյան
«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ 168.am–ը զրուցել է այսօր Ազգային ժողովում քվեարկվող սահմանադրական փոփոխությունների հերթական աղմկահարույց նախագծի մասին:
– Երեկ՝ ուշ երեկոյան, 168.am-ին հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության՝ երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները: Ինչպես տեսանք՝ այդպես էլ տեղի ունեցավ: Միևնույն ժամանակ նախապես հայտարարված էր, որ նախագիծն ուղարկվելու է ՍԴ կարծիքի: Ինչպե՞ս է իշխող ուժը պատրաստվում շրջանցել այս իմպերատիվ պահանջը:
– Իշխող քաղաքական ուժն արդեն իսկ ուղղակիորեն խախտել է Սահմանադրության այն պարտադիր պահանջը, որ Սահմանադրության փոփոխությունների ցանկացած նախագիծ պետք է ենթարկվի նախնական սահմանադրական վերահսկողության։ Ընդ որում, պահանջի պարտադրականությունը վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր այսօրվա կարծիքում։ Ներկայացված նախագիծը խախտում է սահմանադրական ամրագրում ստացած իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ վատթարացնող օրենքի հետադարձ ուժի անթույլատրելիությունը, խտրականության արգելքը, և վերջնարդյունքում՝ չի համապատասխանում իրավական պետության բնութագրիչներին։ Նախագծի հակաիրավականության և հակասահմանադրականության գիտակցումը «ստիպել» է իշխող քաղաքական ուժի հետ նույնացված պառլամենտին՝ հրաժարվել սահմանադրական պարտականության կատարումից։
– Ի՞նչ հանցակազմ է իրականում իր մեջ պարունակում նշված գործողությունը, իրավական պատասխանատվության ի՞նչ մեխանիզմներ կան:
– Կարծում եմ՝ հանցավոր արարքների հասցեատերերի շրջանակը լայն է և դրսևորվում է թե գործողությամբ, և թե անգործությամբ։ Մասնավորապես, նախագծի ներկայացումը և հօգուտ այդ նախագծի քվեարկելը դրսևորվում է գործողությամբ, իսկ խափանման նպատակով Սահմանադրական դատարան չդիմելը՝ անգործությամբ։ Հատկանշական է, որ այս դեպքում առկա չէ իրավունքի մեկնաբանության հարց կամ փաստերի գնահատում, և բոլոր անձինք գործում են գիտակցաբար և հստակ դիտավորությամբ՝ ունենալով նաև հատուկ նպատակ, այն է՝ որոշ դատավորներին սահմանադրական արդարադատության իրականացումից մեկուսացնելը։ Այս պահին կոնկրետ հանցակազմեր թվարկելը դժվար է, քանի որ գործ ունենք հանցավորության շղթայի հետ։ Այդուհանդերձ առկա փաստերի շրջանակում բացահայտված են սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը զավթելու հանցակազմի առերևույթ հատկանիշներ։ Ընդ որում, իշխանության զավթելը դրսևորվում է Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալով։
– Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշված նախագիծն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով (ՎՀ)՝ ստանալու նրա խորհրդատվական կարծիքը, սակայն առանց սպասելու դրա հրապարակմանը՝ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին նշված օրենքի նախագիծը, ինչին հաջորդեց ըստ էության արդեն քվեարկված կարծիքի մեջ նոր, 82-րդ կետի ավելացումն ու կրկին քվեարկության դնելը: Ինչի՞ մասին է ավելացված կետը, ինչպիսի՞ն կլինի ՀՀ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՎՀ դիրքորոշումն այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ:
– Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի 82-րդ կետում արձանագրված է, որ Հանձնաժողովի կարծիքի հաստատման օրը Հայաստանի Խորհրդարանում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներին։ Ավելին, դրան հաջորդեց ՀՀ իշխանություններին ուղղված Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը՝ ղեկավարվել Վենետիկի Հանձնաժողովի խորհրդատվական հանձնարարականներով։ Հասկանալի է, որ չնայած բարեխղճությամբ գործելու մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումների դիմաց տրված զիջումներին՝ միջազգային գործընկերները խաբվել են։ Վերջիններս նաև առերեսվում են սեփական ինստիտուցիոնալ շահերի ոտնահարմամբ և գործընկերային հարաբերությունների չարաշահմամբ հայաստանյան ներքաղաքական հարցերում «հանցակցելու» տխուր իրողությանը։ Սա նշանակում է, որ վստահության մթնոլորտը՝ այլևս խաթարված, իսկ արտաքին քաղաքական հարցերում մեր երկրի քաղաքական կապիտալը պարպված է։
– ԱԺ-ի կողմից այս օրենքի ընդունումից հետո ի՞նչ գործողությունների կարող են կամ պետք է դիմեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը», և այդ դեպքում օրենքը կարո՞ղ է արդյոք գործողության մեջ մտած համարվել:
– Սահմանադրությամբ նախատեսված է նաև սահմանադրական մարմինների միջև լիազորությունների վեճով ՍԴ դիմելու հնարավորություն, և որպես դիմող սուբյեկտ՝ կարող է լինել պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը: Քանի որ ԱԺ-ն իր պարտադիր պարտականությունը չի կատարել, դրանով ստեղծվել է վեճ ԱԺ պատգամավորի և խմբակցության միջև: Եվ այս վեճը լուծելու նպատակով հարցը կարող է ուղղվել Սահմանադրական դատարանին: Ըստ այդմ, եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասնական գործեն, պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդն ապահովված կլինի, և իրենք կարող են դիմել ՍԴ: Այս դեպքում օրենքը չի կարող ուժի մեջ մտնել: