ԼՀԿ-ն դեռ չի քննարկել Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ դիմելու հարցը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռևս չեն քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված ՍԴ դիմելու հարցը:
«Մեզ մոտ այդ հարցը չի քննարկվել, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես մեզ չի դիմել: Երբ նման դիմում լինի, մենք էլ կքննարկենք ու կհասկանանք»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պատեհ առիթի հարցը կքննարկենք ԼՀԿ-ի հետ և կդիմեն ՍԴ:
Հիշեցնենք նաև, որ այսօր արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագիծը: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում, քանի որ նրանց կարծիքով՝ տեղի է ունենում հակասահմանադրական քայլ:
Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ հարցի հետ կապված ամբողջ պատասխանատվությունն ընդունող մարմինի վրա է, ի դեմս «Իմ քայլը» խմբակցության:
«Առնվազն մենք ամեն օր պատրաստ ենք պայքարելու իրավական պետության զարգացման համար և դեմ ենք լինելու բոլոր այն գործընթացներին, որոնք խոչընդոտում են Հայաստանում իրավական պետության կայացմանը: Թե ինչպես մենք կօգտագործենք այդ հակաիրավական գործընթացները կանխելու, դրանց դեմ պայքար մղելու գործողությունները, մենք խմբակցությունում հարցը կքննարկենք և կպարզենք, գործիքների ու միջոցների մասին անպայմանորեն տեղյակ կպահենք»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է նիստին ԼՀԿ-ի չմասնակցելու հարցին, ապա Տարոն Սիմոնյանը նշեց, որ սա բոյկոտ չէ, քանի որ խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր տեսակետը, որ անտրամաբանական է ստեղծել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, այնտեղ գործուղել մարդկանց, որոնք համապարփակ լուծումներ առաջարկելու տարբերակով հարցը քննարկում են, բայց դրան զուգահեռ՝ բերվում է այլ նախագիծ:
«Այստեղ մենք առհասարակ չենք հասկանում մեր իշխանական գործընկերների վարած քաղաքականությունը, ի՞նչ իմաստ ունի այդքան ռեսուրս ծախսել հանձնաժողովի ստեղծման վրա, եթե դուք լրիվ այլ գործընթաց եք կազմակերպում: Ի՞նչ իմաստ ունի 7 մլն դոլար հատկացնել հանրաքվեին, սկսել հակաիրավական գործընթաց, եթե կարող էին ԱԺ-ի միջոցով սահմանադրական փոփոխություններ կատարել: Կամ ի՞նչ իմաստ ուներ դիմելու Վենետիկի հանձնաժողովին, եթե մինչև նրա եզրակացության ստանալը նախաձեռնելու էին սահմանադրական փոփոխություններ: Այս գործողությունները տրամաբանության որևէ սահմանում չեն տեղավորվում»,- շեշտեց Տ. Սիմոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում