«ՀՔԾ-ն պարտավոր է պարզել՝ արդյո՞ք առկա են հանցագործության հատկանիշներ ոստիկանության աշխատակիցների գործողություններում». Էրիկ Ալեքսանյան

2019թ հունիսի 20-ին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի առաջ, մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը, ինչն ավելի ուշ հաստատեց նաև վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ իրոք,  Արմեն Գևորգյանը, համաձայն առաջին ատյանի դատարանի թույլտվության, պետք է 3 օրով մեկներ երկրից՝ պայմանավորված աշխատանքային անհրաժեշտությամբ։ Սահմանային հսկողության կետում, սակայն, հայտարարվել է, որ համակարգում երկրից նրա ելքի համար արգելք կա դրված, և տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունի:

168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից իրեն հայտնել են, որ Ոստիկանությունն իրենց էլ տվել է նույն պատասխանը, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում, այսինքն՝ սահմանը հատել պետք է թույլ տա ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ դրանից շուրջ երկու շաբաթ առաջ թույլ չէին տվել հատել հայ-վրացական սահմանը։

Էրիկ Ալեքսանյանն ասել էր նաև. «Մենք փորձեցինք կապ հաստատել վերջիններիս հետ, քանի որ պետք է որ նրանց հետ ևս խնդիրներ չունենայինք, որովհետև մեզ տված գրության նման մի գրություն էլ Դավիթ Գրիգորյանը ոստիկանություն էր ուղարկել: Այդ օրը ոստիկանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ահազանգեցինք ՄԻՊ արագ արձագանքման բաժին: Իրենք նույնպես չկարողացան կապ հաստատել Քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ, քանի որ կիրակի օր էր: Հաջորդ օրը դիմում ուղարկեցինք ՄԻՊ Արման Թաթոյանին` ներկայացնելով ողջ խնդիրը` հայցելով նրա աջակցությունը, քանի որ այստեղ ակնհայտ տեսնում էինք ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, որ այն վերացվի հետագայում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ թե իրենց, թե ՄԻՊ-ին ոստիկանությունից պատասխանել են, որ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ:

Ըստ պաշտպանի՝ ՄԻՊ-ը, իրենց դիմումը վարույթ ընդունելով, իր լիազորությունների շրջանակում համապատասխան վարույթ է սկսում, ու արդյունքում` իրենք ստանում են ՄԻՊ որոշումը, որի մեջ արձանագրված է, որ չի կարող նման պրակտիկա լինել, քանի որ Պաշտպանը ներկայացնում է այլ գործերով ապացույցներ, որոնց պարագայում ոստիկանությունն այլ մոտեցում է ցուցաբերել: Այսինքն` ՄԻՊ-ը ևս արձանագրում է կոնկրետ գործով ոստիկանության տարբերակված մոտեցումը:

«Վերջում ՄԻՊ-ն արձանագրել է այն, որ տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանը նշում է, որ, երբ խնդիր ունենան Սահմանադրական դատարանում, ՄԻՊ-ի այս որոշումից հետո  այլ մարմին դիմելու, քան, օրինակ, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ընթացակարգ չկա:

Դրանից հետո՝ անցած մեկ տարվա ընթացքում, ինչպես նշում է Արմեն Գևորգյանի պաշտպանը, իրենք այս խնդրով տարբեր դատական գործընթացներ են սկսել:

Ի վերջո, արդեն 2020թ. փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված պաշտպանի վերաքննիչ բողոքը, որոշում է՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը:
«Ավելի վաղ՝ ես՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը, այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը, գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին:
Սակայն, ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»,- գրել էր Էրիկ Ալեքսանյանն իր հենց փետրվարի 18-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Սրան հետևում է գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

«Սակայն այսօր ես ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, համաձայն որի՝ գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Մեր հարցին, թե ինչ իրավական հետևանքներ պետք է ունենա Վճռաբեկ դատարանի այս որոշումը, Արմեն Գևորգյանի պաշտպանն ասաց, որ սա նշանակում է՝ ՀՔԾ-ն պարտավոր է լինելու նյութեր նախապատրաստել և պարզել, թե արդյո՞ք առկա են հանցագործության հատկանիշներ ոստիկանության աշխատակիցների գործողություններում թե՞ ոչ, այսինքն՝ քրեական գործ հարուցելու հիմք կա՞, թե՞ ոչ:

«Այլ կերպ ասած՝ ՀՔԾ-ն պետք է որոշի՝ հարուցի՞ քրգործ, թե՞ որոշում կայացնի քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս