«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա». Գևորգ Պետրոսյան
Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ այն կուսակցությունները, որոնք կպարզվի, որ համակարգված ձևով ընտրակեղծիքներ ու ընտրակաշառքներ են իրականացրել, դրանց գործունեությունը պետք է կասեցվի: Ցավոք սրտի, «Ելքի» մեր գործընկերները չհամաձայնեցին, որ շրջանառության մեջ դրվի այդ նախագիծը, իսկ հետո արդեն գիտեք ինչպես զարգացան իրադարձությունները: Երևի պետք է դրա մասին մտածել: Այո, այն կուսակցությունը, որ կազմակերպված, համակարգված ձևով ժողովրդի կամքի վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել այդ կուսակցությունների գործունեությունը: Ես իդեա եմ տալիս»,-ասել էր նա:
Ավելի ուշ լրագրողները Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի դիմաց այդ մասին հարց ուղղեցին ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին.
«Կուսակցության գործունեությունն արգելում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանն այդպիսի իրավասություն չունի, Նիկոլ Փաշինյանը թող կարդա երկրի Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ կուսակցության գործունեություն արգելի, ինքն այսօր կա, վաղը չկա, իսկ «Բարգավաճ Հայաստանը» լինելու է»,-հակադարձեց նա։