«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ ենք». Իվետա Տոնոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից փորձեցին պարզել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԲՀԿ-ն, եթե դատարանը Գագիկ Ծառուկյանին երկամսյա կալանավորման որոշում կայացնի, և ի՞նչ՝ եթե մերժվի միջնորդությունը: Հարցերին  ի պատասխան՝ պատգամավորն  ասաց, որ իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ են: Ի դեպ, նա վստահեցրեց, որ Ծառուկյանը մասնակցելու է դատական նիստին:

«Այս դեպքում անիմաստ ենք համարում խոսել օրենքի գերակայության և նմանատիպ այլ եզրույթների մասին: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի: ԲՀԿ-ն կայացած, ինքնաբավ  քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն, և, իհարկե, դժվար է լինելու մեզ համար, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարն անմիջական չլինի կազմակերպչական աշխատանքների գլխավերևում: Բայց պարոն Ծառուկյանի կոչով և հորդորով մենք մեր աշխատանքները շարունակելու ենք հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ դա վերաբերում է և՛ օրենսդիր գործունեությանը, և՛ ազգաբնակչության հետ տարվող աշխատանքներին:

Անդրադառնալով մամուլում  շրջանառվող լուրերին, թե լարված են Վանեցյան-Ծառուկյան հարաբերությունները, Իվետա Տոնոյանը լրատվամիջոցներին հորդորեց կանխատեսումների և բախտագուշակությունների շարքից հրապարակումներով հանդես չգալ:

Իսկ թե ինչ է սպասվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ընկերությունների մոտ 30.000 աշխատակիցներին, արդյո՞ք նրանցից որոշներն անգործ կմնան, Տոնոյանն ասաց, որ դեռ նման սցենար չի սպասվում, բայցև չբացառեց, որ լինի:

«Եվ շատ հնարավոր է, որ այդ ընկերությունների կառավարիչները, տնօրենները ինչ-որ պահի՝ չունենալով Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, սուբսիդիաները, ստիպված լինեն նման որոշում կայացնել»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ այդ ընկերություններում Ծառուկյանն ունի բաժնեմաս, որոնք հանձնված են հավատարմագրային կառավարման, և, որ այդ ընկերություններից շատերում կան ֆինանսական խնդիրներ՝ պայմանավորված համավարակով և դրա հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներով և ճգնաժամով:

Այնուհետև Տոնոյանն  իշխանություններին հորդորեց ցայտնոտի մեջ չընկնել իրենց քայլերից, քննադատություններից, որովհետև իրենք, միևնույն է՝ առաջնորդվելու են իրենց նախանշած սցենարով, հստակ գիտեն իրենց քայլերը և անելու են այն, ինչի մասին խոսել են:

Նշենք, որ ԱԺ-ում այսօր Փաշինյանը հայտարարել էր, թե ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց և ուժերի վզներից բռնելու է և ԱԺ դահլիճից դուրս է շպրտելու:

Տեսանյութեր

Լրահոս