Ինչո՞ւ դեռ չունենք Բնապահպանության նախարար. Փաշինյանը պարզաբանում է
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչև այժմ Շրջակա միջավայրի նախարար չի նշանակվել, չունենք:
«Չունենք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավար: Ոլորտի պատասխանատուներ չունենք, սակայն դեռևս ունենք բնապահպանական բազմաթիվ խնդիրներ: Այս պահին Սևանում շարունակվում է ձկնագողությունը, հատկապես՝ մանրաձկան գողությունը, որը տվյալ դեպքում լուրջ վտանգ է հասցնում էկոհամակարգին և ձկնարդյունաբերությանը: Վերջերս ահազանգ ստացա Լոռու մարզից, որ կան թրթուրներ, որոնք անտառներն են ոչնչացնում, հիմա էլ՝ արդեն պտղատու ծառերը: Այս խնդիրների լուծման համար ո՞վ է պատասխանատու, և վերջապես ե՞րբ ենք ունենալու Շրջակա միջավայրի նախարար: Նախկին նախարարն այդքան վա՞տն էր, չեղածից լավ չէ՞ր, որ հանեցիք, ու մինչև հիմա մարդ չի նշանակվել»,- ասաց Հրանտ Այվազյանը:
Վարչապետ Փաշինյանը հարցին պատասխանելուց առաջ նախ հայտարարեց, որ, ցավոք, մինչև այսօր խորհրդարանի դահլիճում կան մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաներին վերաբերվում են՝ որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված Կառավարության կամ նրա առանձին անդամի նկատմամբ կարող են խոսել հեգնանքով:
«Նման մարդկանց քաղաքական կարիերան հիմնված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր: Այս մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելը իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել: Սա անընդունելի է, համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց վզներից բռնելու է և այս դահլիճից դուրս է շպրտելու, սրանում չեմ կասկածում»,- ասաց վարչապետն այս նախաբանից հետո, ապա պատասխանելով պատգամավորի բուն հարցին՝՝ նշեց, որ նրա բարձրաձայնած բոլոր հարցերի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը:
«Սևանի կանաչման հետ կապված, մեր բախտը չբերեց, և մեր ժամանակ կանաչեց՝ հույս ունեմ, որ մեր բախտը կբերի, և այն այլևս չի կանաչի: Ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին: Կարող եմ ասել, որ առաջիկայում կնշանակվի նախարար»,- ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում