Արտակարգ դրությունը գործիք է Փաշինյանի ձեռքում՝ պահպանելու սեփական իշխանությունը. Անդրանիկ Թևանյան
Երկիրը խորը ճգնաժամի մեջ է՝ հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, ներքաղաքական և արտաքին քաղաքական: «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում պնդեց այդ կառույցի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Մասնակցային առումով նկատի ունեմ, որ 2018-ի իշխանափոխությունից հետո ՀՀ ժողովուրդը հետևողականորեն և ամբողջությամբ դուրս է մղվում որոշումներ կայացնելու գործընթացից: Ֆորմալ առումով հայտարարվում է, որ գործ ունենք ժողովրդավարության և ժողովրդի իշխանության հետ, որ կարևորում են ժողովրդի կարծիքը, սակայն տեսնում ենք, որ ժողովուրդը դուրս է մղվում քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացից: Երկրորդ՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ ունենք հումանիտար ճգնաժամ, և ՀՀ-ն նախկին խորհրդային երկրների մեջ առաջ է վարակվածների թվով՝ մեկ միլիոն շնչի հաշվարկով: Հարևան Վրաստանի հետ համեմատած՝ 20 անգամ ավելի շատ վարակված կա՝ մեկ միլիոն շնչի հաշվարկով, և 20 անգամ շատ՝ մահացածների թվով ընդհանուր առմամբ: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ձախողել են հակահամաճարակային պայքարը և երկիրը կանգնեցրել հումանիտար ճգնաժամի առաջ»,- ասաց նա:
Ըստ Թևանյանի՝ ունենք նաև արտաքին քաղաքական ճգնաժամ, որը դրսևորվում է բոլոր խոշոր խաղացողների հետ հարաբերություններում լարվածության աճով կամ այդ հարաբերությունների սառեցմամբ: Մասնավորապես, համավարակի շրջանակում լարվածություն առաջացավ նաև ՀՀ-Վրաստան հարաբերություններում: Թևանյանի խոսքով՝ կարելի է ասել, որ արտաքին հարաբերություններում ՀՀ-ն նույնիսկ մեկուսացման մեջ է:
Անդրադառնալով ներքին քաղաքական վիճակին՝ Անդրանիկ Թևանյանը նշեց՝ պնդումը, թե կորոնավիրուսը հնարավորություն է, Փաշինյանը նկատի ուներ իր իշխանության երկարաձգումը և աթոռը պահելու հնարավորությունը:
«Արտակարգ դրությունն ընդամենը գործիք է իշխանությունների ձեռքում սեփական իշխանության պահպանման համար: Եվ այս իրավիճակում տեսնում ենք, թե ինչպիսի հարձակումներ կան քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,- պնդեց նա՝ հավելելով, որ, եթե ԼՀԿ-ի մասով ֆիզիկական հարձակում տեղի ունեցավ, ապա ԲՀԿ-ի մասով քաղաքական հարձակման անթաքույց դրսևորման ականատեսը եղանք:
«Օգտագործվում է նույն տխրահռչակ գլխավոր դատախազը, որին օգտագործում էին 2018-ին, և արդեն հաջորդ իշխանություններն օգտագործում են 2020-ին»,- ասաց Թևանյանը՝ լրացնելով, որ կա նաև իշխանության լեգիտիմության ճգնաժամ. Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, գուցե 2018-ին լեգալ առումով ընդունելի էր՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան և այլ գործոններ, բայց կոմպետենտության և պրոֆեսիոնալիզմի առումով՝ տապալվելով կառավարման բոլոր ոլորտներում, կարող ենք ասել, որ այս իշխանությունն արդեն լեգիտիմ չէ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում