«Հասկացեք, քանի դեռ ուշ չէ, Դուք կանգնած եք անդունդի վրա». Գագիկ Ծառուկյանը՝ իշխանություններին

«Դուք ժողովրդին խաբել եք, թողել եք նման ծանր պայմաններում, գնացեք-տեսեք՝ նա ձեզ հավատո՞ւմ է: Հո դատարկ-դատարկ խոսելո՞վ չէ, մարդն իր կյանքում իսկի մատը մատին չի տվել, բայց այսօր կյանքը փոխվել է՝ճոխ ավտոներով, ապարտամենտներ առնելով, մոռացել է իր խոստումը ժողովրդի առջև»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Այսօր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում միջնորդություն ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իր ելույթում  հայտարարեց, որ իշխանությունների կողքին կանգնել է այն պատճառով, որպեսզի ժողովուրդը լավ ապրի, ասել է նույնիսկ, որ պատրաստ է 24 ժամով աշխատել, սակայն իշխանությունները ոչինչ էլ չեն արել և բոլոր ոլորտներում ձախողել են:

Նա նաև հիշեցրեց, որ համավարակի հետ կապված՝ իշխանությունը մարդկանց բաժանել է 26.500  դրամ, հետո սակայն, սեփական սխալի պատճառով շատերին պարտադրել է, որ պարտք անեն ու այդ գումարը վերադարձնեն պետությանը:

«Ժողովրդի 80-90 տոկոսը հավատում էր Ձեզ, հեղափոխությանը, բայց այսօր իսկի 5 տոկոսն էլ չի հավատում, փորձեք, բացի այդ ֆեյքերից, գնացեք իրական կյանք նայեք: Եթե Ծառուկյանը Ձեզ խանգարել է, ապա ավելի շատ է խանգարելու՝ իրականությունը ներկայացնելով: Այն, որ ասում էիք, թե ժողովրդի ընտրյալն եք, դե դուրս եկեք, չեք աշխատել, ժողովրդին խաբել եք, հո դատարկ-դատարկ խոսելով չի՞: Արցախի հարցով այսքան խոսում եք, որևէ մեկը բանակցությունների ժամանակ չհելավ հարցը դներ, որ մեզ անհրաժեշտ է  միջազգային ճանաչում, փոխարենը՝ Փաշինյանն ասում է, թե՝ սուրճ ենք խմել, չենք քննարկել, եղբայր, ամոթ է, այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք քննարկելու, պետք է դրանք լուծի նա, ով կարողանում է: Ժողովրդին ֆռռացնում եք, բայց գալու է, չէ՞, ժամանակը, այսինքն՝ եկել է: Մենք այսօր հանրահավաք չենք կատարել, բայց երբ արտակարգ իրավիճակն ավարտվի՝ արվելու է: Հեղափոխության ժամանակ երկու երեխա ճանապարհ էին փակում, ոստիկանները նրանց չէին տանում, մտաք Ռադիոտունը գրավեցիք, դուռը ջարդեցիք, ձեզանից որևէ մեկին չբռնեցին, բայց այսօր 500 մարդ են բռնել տարել բաժին: Այ, եթե հիմա պատասխանեք ժողովրդին, ձեր հպարտ ցավը տանեմ, ունեք հպարտ քաղաքացիներ ու բոլորի պատասխանը պետք է տաք: Ամոթ է, սուտ ասելը դա մասնագիտություն չէ, ձեր ցավը տանեմ, ինչո՞վ եմ ձեզ խանգարել, բացի աջակցելուց ու օգնելուց»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ ղեկավարը շեշտեց, եթե կան մարդիկ, որոնք իրենց պայուսակները պետք է վերցնեն ու գնան, ապա դա ինքը չէ և ինքը  որևէ տեղ չունի գնալու:

Նա վստահեցրեց, որ դեռ ամիսներ առաջ գիտեր՝ ով ինչ է ուտում, շնչում, վախենո՞ւմ է, չի՝ վախենում:

«Սա ժամանակավոր բան է, մեկ-երկու ամիս, ավելին չի տևելու: Ասում եմ՝ հասկացեք քանի դեռ ուշ չէ, Դուք կանգնած եք անդունդի վրա»,- եզրափակց նա:

Տեսանյութեր

Լրահոս