Բաժիններ՝

Մոտ մեկ ժամում՝ 500-800 կալորիա․ «Զումբա»-ի իտալաբնակ հայազգի պարուհին՝ քաշի նվազեցման գաղտնիքների, սթրեսի դեմ պայքարի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դժվարությունների մասին

Իտալիայում բնակվող պարուհի Ջեմմա Մխիթարյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու, զումբա ֆիթնեսի, հայկական երաժշտության, հայկական պարերի էլեմենտների և ֆիթնես տեխնիկաների օգտագործմամբ նոր ծրագրի և այլ հարցերի շուրջ։

Մոտ 14 տարի է՝ Իտալիայում եք բնակվում։ Ի՞նչն է դարձել Հայաստանը լքելու պատճառ։

– Իրականում մեկնել էի Իտալիա՝ երկու տարի աշխատելու և վերադառնալու նպատակով, քանի որ ստացել էի երկու տարվա աշխատանքային պայմանագիր։ Բացի պարուհի լինելուց՝ սովորել էի նաև Երևանի Հումանիտար ուսումնարանի իտալերենի բաժնում, և լավ հնարավորություն էր լեզվի իմացությունը կատարելագործելու առումով։ Իսկ Հայաստանը լքելու պատճառն ամուսնությունս հանդիսացավ, քանի որ հենց այստեղ հանդիպեցի իմ ամուսնուն։

«Բարեկամություն» պետական անսամբլի սաներից եք եղել, իսկ անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի շարքով, ինչ վերաբերում է հայկական ազգային պարերին, ապա դրանք «Բարեկամության» միջոցով ներկայացվեցին հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով։ Ինչպե՞ս անցում կատարեցիք «Զումբա»-ին, որը, ինչպես հայտնի է՝ լատինական պարերը ներառող ֆիթնես ծրագիր է։

– Այո՛, իմ առաջին քայլերը սկսել եմ «Բարեկամություն» անսամբլից, բազմաթիվ համերգներ եմ ունեցել, տարբեր երկրներ եմ շրջագայել, դրանից հետո հանդես եմ եկել Պարարվեստի ուսումնարանում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարի պետական անսամբլում, սակայն, ցավոք, 2000 թվականին կոտրեցի ոտքս ու դրանից հետո շարունակեցի աշխատել որպես պարուսույց։ Եվ 2009 թվականին, երբ տեղափոխվեցի Իտալիա՝ իմացա պարային ֆիթնես ծրագրերից զումբա ֆիթնեսի մասին։ Այնքան շատ սիրեցի, որ որոշեցի դառնալ մարզիչ ։

Ի դեպ, 2000 թվականերին Կոլումբիայում Բետո Պերեսը՝ «Զումբա» ֆիթնեսի ստեղծողը, տանը մոռանում է իր աերոբիկայի ձայնասկավառակը և որոշում է լատինաամերիկյան երգերի ներքո աերոբիկայի վարժություններ կատարել։ Դա այնքան է դուր գալիս աշակերտներին, որ ստեղծում է զումբա ֆիթնեսը, որը ոչ թե պար, այլ ֆիթնես է։

– «Զումբա»-ն արդյո՞ք լավ է քաշի կորստի համար։

– Այո, քանի որ շատ կալորիա ենք կորցնում։ Մոտ մեկ ժամում՝ 500-800 կալորիա։

– Որո՞նք են «Զումբա»-ի առավելությունները։

– Առավելությունն այն է, որ ամբողջ մարմինը շարժման մեջ է։ Մեկ ժամ ուղեղդ ոչնչի մասին չի մտածում, լատինաամերիկյան երգերի ներքո լավ լիցքաթափվում ես, կարևոր չէ՝ աջ ես գնում, թե ձախ, կարևորը ազատ շարժվելն է։ «Զումբան» նաև սթրեսի դեմ պայքարելու միջոց է։ Իմ պարագայում այդպես է եղել, քանի որ դժբախտ պատահարի պատճառով թողել եմ իմ կարիերան, և նոր մտքերն են ուժ տվել առաջ գնալ։

Հաճախ նաև ՀՀ-ում եք «Զումբա»-ի դասեր տալիս։ Այստեղ ևս սաներ ունե՞ք։

– Այո, 2016 թվականից գալիս եմ Երևան և վարպետության դասեր կազմակերպում։ Ինձ հետ բերում եմ զումբայի հայտնի մասնագետների, ովքեր ունեն միջազգային որակավորում։

Ինչպես հայտի է՝ սկսել եք բոլորովին նոր ֆիթնես ծրագիր՝ հայկական երաժշտության, հայկական պարերի էլեմենտների և առաջավոր ֆիթնես տեխնիկաների օգտագործմամբ։ Մի փոքր պատմեք դրա մասին։

– Այո՛, այսքան տարիների փորձից հետո որոշեցի կյանք տալ այս իմ նոր, վաղուց մտածված ֆիթնես ծրագրին ու այն որոշեցի անվանել Armfit365։
Ինչո՞ւ Armfit365, քանի որ առաջին անգամ միայն հայկական երաժշտության ուղղությամբ են իմ մարզանքները։ 365, քանի որ լոգոն նուռն է, որն ունի 365 հատիկ, և տարին ունի 365 օր, իսկ սա նշանակում է՝ պետք է մեր մարմնին ամեն օր հատկացնենք 10 րոպե, վարենք առողջ ապրելակերպ։ Արմֆիթը քաշի նվազեցման, օրգանիզմի ընդհանուր ուժեղացման ու կառուցվածքի բարելավման առումով շատ արդյունավետ է։ Նոր մարմնամարզության ծրագիրը տևում է 30 րոպե, հիմքում քաշի նվազեցումը, քաշի պահպանումը, շնչառության կարգավորումն է։

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ շատերը տնից են աշխատում։ Օնլայն դասընթացները հեշտությա՞մբ եք կարողանում անցկացնել։

– Այո, երբ մարտի 5-ին Իտալիան փակեց ամեն ինչ և այլևս տնից, 200 մետրից բացի, ոչ մի տեղ չէինք կարող գնալ, միայն ուտելիք կարող էինք գնել, ճիշտն ասած, շատ դժվար էր ինձ համար, քանի որ ամեն օր 4 ժամ դասավանդում էի, ուստի մարտի 8-ից սկսեցի աշխատել իմ սաների հետ օնլայն։ Մինչ հիմի աշխատում եմ օնլայն թե՛ իտալացիների, թե՛ հայերի, և թե այլազգի աշակերտների հետ, չնայած հունիսի 3-ից հնարավորություն կա բացօթյա դասեր անցկացնել՝ սոցիալական հեռավարությունը պահելով։

– Ինչպե՞ս եք պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկված Իտալիայում։

– Սկզբում շատ դժվար էր, քանի որ ոչինչ պարզ չէր, բայց երբ հասկացանք, որ կատակ չէ, երբ տեսանք, որ ընկերներ, հարազատներ են մահանում, հասկացանք, թե ինչքան կարևոր է հետևել կանոններին։ Տուգանքները շատ բարձր էին, մարդիկ էլ գումար չունեին, շատ դժվար էր, սակայն համախմբված երեք երկար ու դժվար ամիս առաջ գնացինք ու այսօր սկսում ենք տեսնել լույս և հույս։ Իմ հայրենակիցներին խորհուրդ կտամ օգտագործել դիմակներ, հարգել մեկ մյուսին և սոցիալական հեռավորությունը պահպանել։ Գիտեմ, որ հեշտ չէ, գիտեմ, որ աշխատանք չունեն շատերը, բայց հավատացեք, որ միայն կանոններով կարող եք փրկել ձեր և ձեր ծնողների, երեխաների կյանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս