ԱԱԾ-ն զեկուցո՞ւմ է Ալեն Սիմոնյանին

«Ձեզ թվում է, մենք Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարությունից հետո՞, չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ հանդիպել է նույն այդ այգում բազմաթիվ անգամ, պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ իրավապահները սկսեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն իրականացնել այն բանից հետո, երբ իմացան, որ վերջինս հանդիպել է Վանեցյանի հետ:

Ալեն Սիմոնյանի այս հերթական «տարօրինակ» հայտարարությունը մեզ ստիպեց դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ որոշ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով: Ինչպես միշտ, ԱԱԾ–ից այս անգամ էլ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ապա, այնուամենայնիվ, խոստացան հնարավորության դեպքում ճշտել ու պատասխանել մեզ այսօր:

Նշենք, որ 168.am-ը ԱԱԾ-ից ցանկացել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ալեն Սիմոնյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ն արտաքին դիտարկում է իրականացրել թե Արթուր Վանեցյանի, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Եթե դա այդպես է, ի՞նչ հիմքով է իրականացվել այդ դիտարկումը:

2. Ունի՞ արդյոք ԱԱԾ-ն պարտավորություն՝ իր գործողությունների վերաբերյալ զեկուցելու Ազգային ժողովի փոխխոսնակին: Եվ, այնուամենայնիվ, որտեղի՞ց Ալեն Սիմոնյանը կարող էր իմանալ գաղտնիություն ենթադրող գործողության մասին:

Ուշագրավ իրավիճակի հետ գործ ունենք: Փաստորեն Ազգային ժողովի փոխխոսնակն ասում է, որ իշխանական վերնախավը, նվազագույնը՝ ինքը, տեղյակ են եղել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այգում հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Նկատենք, որ նա ոչ թե վերացական է ասում՝ հանդիպել են, այլ կոնկրետ տեղ է նշում, անգամների մասին է խոսում: Սա նշանակում է, որ թե Վանեցյանը, թե Ծառուկյանն իրավացի էին, երբ հայտարարում էին, որ իրենց հետևում են, գաղտնալսում անգամ անչափահաս երեխաների հեռախոսները:

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը նշանակում է, որ իշխանական պատգամավորը՝ ԱԺ փոխխոսնակը, ով պետք է զրո առնչություն ունենար ԱԱԾ-ի հետ, տեղյակ է ԱԱԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական գործողությունների մասին օրենքի «արտաքին դիտարկում» օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումից:

Թե որտեղի՞ց է տեղյակ, ինչո՞ւ է տեղյակ, հարցեր են, որոնց պատասխանները նվազագույնն Ալեն Սիմոնյանը պետք է տա, էլ չենք խոսում քաղաքական պատասխանատվության մասին: Չենք կարծում, որ այս հարցերի պատասխանները երբևէ կտանանք, բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ որևէ մեկի անձնական կյանքի իրավունքն այժմ երկրում պաշտպանված չէ, իսկ գործող իշխանություններն էլ փաստորեն տառապում են հետապնդման մոլուցքով:

Ի դեպ, սա Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած միակ խնդրահարույց հայտարարությունը չէ: Նա նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին է ըստ էության սպառնացել՝ ասելով. «Նաիրա Զոհրաբյանն ավելի զուսպ պետք է լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող են շատ տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող»:

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը չէր ուշացել.

«Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հենց այսօր կուղարկեմ եվրոպական կառույցներին՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը սպառնալիք և շանտաժ է հնչեցնում ընդդիմադիր գործչի հանդեպ։ Հայտնի «Սարոյան եղբայրները» ֆիլմից դրվագ հիշեցի, որտեղ ասում է՝ ո՛չ պապ եմ սպանել, ո՛չ տերտեր, խիղճս էլ մաքուր է։ Էդ իմ հանդեպ ի՞նչ գործ պիտի հարուցեք, իմ հանդեպ ինչ-որ գործընթացներ սկսելը կլինի այս երկրի իրավական վախճանը, ֆուտուրիզմի վերջը։ Ես չեմ բացառում, որ իրենց նաև թույլ են տվել քիթը խոթել մեր անձնական տիրույթ, և ասեմ, որ հասնելու եմ մինչև Եվրոպական դատարան, և թող որևէ մեկը դրանում չկասկածի։ Իսկ մինչ այս եվրոպական բոլոր կառույցներն արդեն տեղեկացվեցին ԱԺ փոխնախագահի կողմից սպառնալիք և շանտաժ հնչեցնելու մասին։ Անձնականի վերաբերյալ փոքրիկ դիտարկում՝ հանկարծ չսխալվեն այդպիսի քայլ անել, դրա պատասխանը նույն տիրույթում ստանալու են հազարապատիկ ավելի զորեղ ձևով։ Կարծում եմ, որ այս իշխանությունը պետք է դադարեցնի կոմպրոմատային, կեղտոտ սպառնալիքները»:

Հատկանշական է, որ սա Ալեն Սիմոնյանի կատարմամբ միակ ելույթը չէ, որտեղ նա իրեն արտահայտություններ է թույլ տալիս պետական այնպիսի ինստիտուտների վերաբերյալ, որոնց գործողությունների քննարկումն իր իրավասության ու գործառույթների տիրույթում չէ:

2019թ. դեկտեմբերի 3-ին ԱԺ փոխխոսնակը հայտարարել էր, որ որքան ինքն է տեղյակ, կան Սահմանադրական դատարանի դատավորներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից:

Այդ ժամանակ էլ էին հարցեր առաջացել՝ արդյո՞ք ՍԴ դատավորներն իրենք են ուղղակի կամ միջնորդավորված ձևով տեղյակ պահել ԱԺ փոխնախագահին, թե՞ դրանք սոսկ կենցաղային մակարդակի խոսակցություններ են կամ ենթադրություն, նվիրական բաղձանք է, որը բարձրաձայնվում է ԱԺ փոխխոսնակի մակարդակով: Թե՞ այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը մեսիջ է ուղարկում ՍԴ դատավորներին՝ վերջիններիս որոշակի ակնարկներ անելով իրենց հետագա գործողությունների վերաբերյալ:

Ի վերջո, որտեղի՞ց կարող էր Ալեն Սիմոնյանն իմանալ, ինչպե՞ս կարող էին իր ականջին խոսակցություններ հասնել ՍԴ դատավորների առաջիկա քայլերի մասին. չէ՞ որ ՍԴ դատավորները ոչ վերադասության խնդիր ունեն, ոչ էլ որևէ պարտավորություն, և եթե նույնիսկ որևէ մեկը պատրաստվում է գրել վաղ կենսաթոշակի անցնելու դիմումը, ապա ինքը պետք է հայտարարի այդ մասին:

Եվ ամենազարհուրելին այն է, որ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձն այնքան չի գիտակցում իր պաշտոնի լրջությունն ու դրանից բխող պատասխանատվության չափը, որ հերիք չի՝ տեղյակ է նրանից, ինչից որևէ կերպ չպետք է տեղյակ լիներ, դեռ մի բան էլ հպարտությամբ հայտարարում է այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս