«Թատրոնի գործունեության կասեցումը մեծ հարված էր և՛ ստեղծագործական և՛ ֆինանսական առումով». Օպերային թատրոնի տնօրենի առաջին տեղակալ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արդեն չորս ամիս է՝ մշակութային բոլոր կենտրոններն անցել են առցանց աշխատանքի, նույն կերպ են աշխատում նաև թատրոնները, որոնք այս ամիսների ընթացքում կազմակերպել են բազմաթիվ առցանց ներկայացումներ:
168.am-ի հետ զրույցում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում թատրոնի աշխատանքներից, առաջացած դժվարություններից և առաջիկա ծրագրերից:
«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ինչպես բոլոր թատրոնները, այնպես էլ Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր սահմանափակ գործունեությունն իրականացնում է առցանց հարթակում։ Թատրոնի ֆեյսբուքյան էջով հեռարձակվում են Թատրոնի ներկայացումների տեսագրությունները, անդրադառնում ենք հիշարժան իրադարձություններին, կազմակերպում առցանց հեռարձակման համար նախատեսված համերգներ։ Մեզ համար անչափ կարևոր է մեր հանդիսատեսի հետ կապը չկտրել, ուստի նախատեսում ենք կազմակերպել համերգների շարք և տեսագրությունները հեռարձակել Թատրոնի ֆեյսբուքյան էջով։
Համավարակի ժամանակահատվածում Թատրոնի ֆեյսբուքյան էջի դիտումների քանակն անցել է 5 միլիոնի սահմանը»,- նշեց Կարինե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ ինչպես բոլորը, այնպես էլ իրենք մեծ դժվարությունների են բախվել համավարակի պատճառով։
«Նախ պարտավոր ենք հոգ տանել Թատրոնի աշխատակիցների անվտանգության, առողջության մասին, ուստի Թատրոնի սահմանափակ ստեղծագործական գործունեությունը կազմակերպում ենք՝ խստիվ պահպանելով անվտանգության կանոնները․ սանիտարական, սոցիալական հեռավորության պահպանմամբ և դիմակներ կրելով:
Չափազանց դժվար է, անվտանգության կանոնները պահպանելով, ստեղծագործական գործունեություն ծավալել հատկապես մեր Թատրոնի նման մեծ աշխատանքային կոլեկտիվում, յուրաքանչյուր ստեղծագործական խմբի աշխատանք կազմակերպման իր առանձնահատկություններն ունի, ուստի փորձերը կազմակերպելիս հաշվի ենք առնում նաև այդ առանձնահատկությունները»,- հավելեց նա։
Կարինե Կիրակոսյանը կարևոր է համարում, որ այս ընթացքում թատրոնի արտիստները չկորցնեն իրենց մասնագիտական որակավորումը, կամ չնվազեցնեն այն։ Հետևաբար՝ այս հանգամանքը հաշվի առնելով՝ թատրոնում փորձերը կազմակերպում են փոքր խմբերով և հերթափոխերով, յուրաքանչյուր հերթափոխից հետո ախտահանում են դասասենյակները և փորձասենյակները։
«Թատրոնի գործունեության կասեցումը, իհարկե, մեծ հարված էր՝ և՛ ստեղծագործական, և՛ ֆինանսական առումով։ Հետագայում բավականին ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար, սակայն մեզ համար այս պահին առաջնային են աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը։ Համավարակի ժամանակահատվածում Թատրոնի բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ արտիստները, ստանում են իրենց աշխատավարձը։ Աշխատավարձի մեծ մասը վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իսկ աշխատավարձի այն մասը, որը վճարվում էր Թատրոնի արտաբյուջետային միջոցներից, փոխհատուցվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Այդ խնդիրը կարգավորեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչի համար անչափ շնորհակալ ենք»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, մեր զրուցակիցն ասաց, որ առայժմ իրենց բոլոր ծրագրերը կապված են առցանց հարթակի ձևաչափի հետ։ «Տեսագրելու ենք համերգների շարք և հեռարձակելու ենք մեր ֆեյսբուքյան էջով։ Եվ ինչպես մաեստրո Օրբելյանն է ասում, երբ աշխարհում որևէ օպերային թատրոն գտնի անվտանգ և ապահով աշխատելու եղանակը, մենք կհետևենք նրա օրինակին»,- եզրափակեց Կարինե Կիրակոսյանը։