Հուսով ենք, որ բիոլաբորատորիաների հարցով բանակցություններն ու համաձայնեցումները շուտով կավարտվեն․ Սերգեյ Կոպիրկին
«Մենք վստահ ենք, որ հուշագրի ստորագրումը, դրա իրագործումը բարենպաստ ազդեցություն կունենա»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով «ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագրի նախագծի ներկայիս ճակատագրից։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվել էր, որ ամերիկյան ֆինանսավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագրվի:
Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ այդ մասին հայտարարություն է եղել ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից, ով նշել է, որ հարցը գտնվում է ներպետական համաձայնեցումների փուլում, բայց ներկայումս այն դադարեցվել է՝ պայմանավորված համավարակային իրավիճակով։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմին, մենք հույս ունենք, որ շատ շուտ կավարտվեն բանակցություններն ու համաձայնեցումները մեր հայ գործընկերների հետ։ Մենք վստահ ենք, որ մեմորանդումի ստորագրումը, դրա իրագործումը բարենպաստ ազդեցություն կունենա սանիտարէպիդեմիոլոգիական իրավիճակի վրա Ռուսաստանի, Հայաստանի և հետսովետական տարածքի համար»,- նման հույս հայտնեց Սերգեյ Կոպիրկինը։