Փաշինյանն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել մեքենայում անդիմակ մարդկանց
Կառավարությունն այսօր նոր կարգավորմամբ հաստատեց, որ ամսական մեկ օգտատերը միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացնել առավելագույնը՝ 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում:
«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում»,- նախագիծը ներկայացնելիս՝ ասաց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը՝ նշելով, որ նման իրավախախտումների օրինակ են հանդիպակաց երթևեկությունը, կանգառի կայանման կանոնները խախտելը, տրանսպորտային միջոցից աղբ նետելը և այլն:
Պարզվեց, որ մի շատ կարևոր բան բաց է թողնված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագծում ներառված չէ մեքենայի մեջ մեկ անձից ավելի գտնվելու դեպքում դիմակ չկրելու հանգամանքը:
«Հա, բայց իրոք, հիմա ամենահրատապ հարցերից մեկն ա, պետք ա էդ էլ ավելացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Ավինյանն էլ որպես արձագանք նշեց, որ նախագիծը կազմելիս հստակեցվել է, որ որոշակի խախտումներ կարող են արձանագրվել, և Մարդու իրավունքների պաշտպանը և Արդարադատության նախարարությունն անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր են բարձրաձայնել, հետևաբար՝ որոշ իրավախախտումներ այս ձևով հնարավորություն չի լինելու արձանագրել, մասնավորապես այն խախտումները, որոնք վերաբերում են մեքենայի ներսում ամրագոտի չկապելուն, դիմակ չկրելուն և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ արձագանքեց.
«Բայց ի՞նչ կլինի, որ.. մենք հիմա, ըստ էության, ավտոմեքենայի մեջ մեկից ավելի անձի առկայության պարագայում պատասխանատվությունը ո՞ւմ վրա է՝ անձի՞ վրա է, թե՞ վարորդի վրա է: Վարորդի վրա է:
Բայց հիմա անձնական տվյալների պաշտպանության ի՞նչ խնդիր կա: Անցավ, նկարեց, որ մեքենայի մեջ առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա նենց իրավիճակում ենք, կներեք, պետք ա էդ բանն էլ ավելացնել, որպեսզի… բա մենք քաղաքացիներին ասում ենք՝ հակահամաճարակային շարժում ենք սկսում, չենք ուզում գործիք տանք քաղաքացիներին, որ իրենք մասնակցեն դրան: Ինչո՞ւմ ա պրոբլեմը»:
Արդարադատության նախարարն էլ նշեց, որ, եթե անձին տեսանկարահանում են, լուսանկարում են, իր մասին տեղեկություններ են հավաքում, ապա դա անձի վերաբերյալ տվյալների մշակում է, ու այդ համաչափությունը հաշվի առնելով՝ արձագրվում են այնպիսի իրավախախտումներ, որոնցով հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում է ենթադրում:
Վարչապետն էլ հավելեց, որ, եթե մարդիկ չեն ուզում, որ իրենց ճանաչեն՝ ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն, ապա դա դիմակ դնելու ևս մեկ խթան է:
Վարչապետին անգամ չհամոզեց Ռուստամ Բադասյանի դիտարկումը, թե դրանով ևս հնարավոր է անձին նույնականացնել: Փոխարենը՝ վարչապետն առաջարկեց մեքենայում դիմակ չկրելու դեպքում պատասխանատվությունը դնել վարորդի վրա, անկախ այն հանգամանքից, թե ով է առանց դիմակի, ու լուծել հարցը:
Ռուստամ Բադասյանն էլ խոստացավ քննարկել վարչապետի ասածը և վարչապետի առաջարկի վրա փորձել լուծումներ գտնել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում